ՏՏ ոլորտի զարգացման միտումները առարկայական են դարձել, վերջինիս կարևոր միջոցառումները հաջորդում են իրար՝ ցուցահանդեսներ, համաժողովներ, օլիմպիադաներ, հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների այցելություններ, ինչպես նաև բացվել են նոր լաբորատորիաներ և տեխնոլոգիական կենտրոններ, առաջարկվում են նորագույն լուծումներ, որոնք անմիջապես գործնական կիրառություն են ստանում տնտեսության տարբեր ճյուղերում:

 


Կարելի է փաստել, որ այս ոլորտը ապահովում է բարձր աճ, որը համահունչ է համաշխարհային տնտեսության մեջ ՏՏ ոլորտի աճի բարձր տեմպերին: Մեծ է պահանջարկը որակյալ կադրերի նկատմամբ, սակայն մեր կրթական համակարգը դեռևս մասամբ է բավարարում այդ պահանջարկը:
Վերը նշվածը ցույց է տալիս, որ հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը անցում է կատարում որակական ավելի բարձր մակարդակի, կամ այսպես կոչված «արտերկրից պատվիրվող ավանդական շուկայից» վերաձևավորվում է ավելի բարձր հավելյալ արժեք ունեցող և բարդ լուծումներ պահանջող շուկայի: Հիմա արդեն հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ինտելեկտուալ արտադրանքները հաջողությամբ ներդրվում է դրամաշրջանառության և վճարումների կազմակերպման, հաշվապահության, բժշկական տեխնոլոգիական լուծումների, ապահովագրության, կրթական համակարգերի, ավտոերթևեկության կազմակերպման, գովազդային, հեռահաղորդակցության, սահմանում պաշտպանության, սարքաշինության մեջ 3D տեխնոլոգիաների կիրառման, մարդու անվտանգության և անշարժ գույքի պահպանության և այլ բազմաթիվ ոլորտներում:

 


Հարկ է նշել, որ ՏՏ ոլորտը ունի խնդիրներ ևս, որոնցից են բարձր որակի կադրերի ուսուցման և վերապատրաստման դժվարությունները, ամբողջ տնտեսության մեջ գործարար միջավայրի և մրցակցային պայմանների կայացումը, ֆինանսավորման հետ կապված խնդիրները, պետության կողմից հայկական տեղեկատվական տեխնոլոգիական ոլորտի արտադրանքների արտահանման աջակցությունը, ՏՏ ոլորտի տրանսազգային ընկերությունների կողքին հայկական ընկերությունների աջակցության խնդիրները:
Ինչպես երևում է ՀՀ կառավարությունը դեմ չէ մասնավորի հետ հավասար իր վրա վերցնելու բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման գործը, ինչը մի քանի տարվա ընթացքում անշուշտ հետ է վերադարձնելու ծախսված ողջ գումարը:

 

Նարեկ Սարգսյան