Գյուղատնտեսության աճ օրակարգային է Հայաստանի համար: Այս տարվա արձանագրած ցուցանիշները աննախադեպ են և ունեն դրական միտում:
Մասնավորապես ավելացել են մշակաբույսերի հողատարածքները: Օրինակ, այս տարի զգալիորեն' 9.4 %-ով կամ շուրջ 2.5 հազ. հեկտարով ավելացել են բանջարանոցային մշակաբույսերի տարածքները, 3 %-ով կամ գրեթե 1000 հեկտարով ընդլայնվել են բոստանային մշակաբույսերի տարածքները, ավելի քան 3.0 %-ով կամ շուրջ 1000 հեկտարով ավելացել են կարտոֆիլի, 3.2 հազ. հեկտարով կամ 4.1 %-ով' կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:
Աշխատանքներ են իրականացվել նաև ջերմատնային տնտեսության զարգացման ուղղությամբ: Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմատները կազմում են 85 հա, մինչև տարեվերջ Կոտայքի և Արարատի մարզերում կկառուցվեն ևս շուրջ 40-50 հա արդիական տեխնոլոգիաներով հագեցած ջերմատներ:
Ջերմատնային տնտեսության զարգացման արդյունքում ընթացիկ տարվա գարնանից հանրապետության շուկաներում իրացվել է հիմնականում տեղական արտադրության լոլիկ և վարունգ: Այլ կերպ ասած. լոլիկի ներկրում չի եղել, ինչը կարելի է դրական որակել:
Անասնաբուծության համախառն արտադրանքը այս տարվա առաջին յոթ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 4.2 %-ով և կազմել է 183.0 մլրդ դրամ:
Ավելացել է նաև խոշոր եղջերավորների գլխաքանակը և կազմել 775.0 հազ. գլուխ: 11.4 % -ով ավելացել է նաև խոզերի գլխաքանակը:
Ընդհանուր առմամբ սույն թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմակերպվել է թվով 40 տոնավաճառ, որոնց մասնակցության համար գրանցվել է շուրջ 5000 գյուղացիական տնտեսություն: Միջին հաշվով 2 տոնավաճառում 1 օրվա ընթացքում իրացվում է 80-90 տոննա գյուղմթերք, ընդհանուր առմամբ՝ շուրջ 3400 տոննա:
Մարինա Ներսեսյան