Գյուղատնտեսության հաջող տարվա արդյունքները շոշափելի են: Այս ամենի հետ մեկտեղ, ոլորտում առկա են որոշակի խնդիրներ, որոնց լուծման համար արվում են քայլեր:
Գյուղատնտեսական արտադրանքի համար առաջնային նշանակություն ունի ջրի խնդիրը:
Վերջերս, բավականին հաճախ գյուղացիների կողմից, ոռոգման ջրի հետ կապված, լինում էին դժգոհություններ:
Այս խնդրի շուրջ մի քանի օր առաջ եղավ խորհրդակցություն կառավարությունում, որին ներկա էին նաև ՋՕԸ-երի տնօրենները:
Հավաքի ժամանակ հանձնարարականներ էին տրվել տնօրեններին' հարկ եղած դեպքում աշխատել 24 ժամ, որպեսզի գյուղացիները չունենան ջրի հետ կապված բողոքներ:
Իսկապես, խնդրի լուծումն այս ամսին չափազանց կարևոր է, քանի որ օգոստոսը ոռոգման սեզոնի ամենաթեժ ամիսն է:
Գործադիրի ղեկավարի մարզային այցերի հիմնական նպատակներից մեկը հենց ջրամատակարարման խնդիրների վերծանումն ու դրանց լուծումներ տալն էր:
Ինչպես գիտենք այցեր եղան Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում: Պետք է նշենք, որ բացի ջրամատակարարման աշխատանքներից, գործադիրն ուշադրության կենտրոնում է պահում այլ հրատապ խնդիրներ: Այս մասով վարչապտը լրգրողների հետ զրույցում նշել է. «ՀՀ Նախագահի հանձնարարությամբ կառավարության կողմից իրականացվում են մարզերում հրատապ խնդիրների՝ ճանապարհների կառուցման, ջրամատակարարման, դպրոցների հիմնանորոգման աշխատանքներ: Մենք պետք է փորձենք բնակչության համար հրատապ մյուս խնդիրներին ևս առաջիկա 2-3 տարիների ընթացքում լուծում տալ: Բոլորն էլ հասկանում են, որ դա կապված է ֆինանսական մեծ ռեսուրսների հետ, բայց կառավարությունը կամաց-կամաց այդ խնդիրները լուծելու է»:
Ջրամատակարարման հետ կապված, ՀՀ նախագահն ու ՀՀ վարչապետը հանձնարարականներ են տվել նաև ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեին: Մասնավորապես հանձնարարավել է աշխատանքներ իրականացնել ինչպես ոռոգման ջրամատակարարման, այնպես էլ հանգստյան գոտիների, ցայտաղբյուրների, շատրվանների, հակահրդեհային հիդրանտների ծավալների անխափան ու հաստատուն ռեժիմների ապահովման ուղղությամբ:
Կոմիտեի հայտարարության մեջ նշվում է. «Լրացուցիչ ցանքատարածությունները և շոգ եղանակային պայմանները մեծացրել են ջրի պահանջարկը: Կոմիտեն մինչև օրս բավարարել է բոլոր հայտերը, իսկ առկա ջրային ռեսուրսները բավարար են ոռոգման ողջ շրջանն ավարտելու համար»:
2015 թվականի ընթացքում գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողատարածքներն ավելացել են 6.0 հազ հեկտարով, որից՝ 3.7 հազ հա՝ բանջար-բոստանային, 1.2 հազ հա՝ կարտոֆիլ, 0.5 հազ հա՝ ծխախոտ ու արևածաղիկ և 0.6 հազ հա՝ կերային մշակաբույսեր: Այնուամենայնիվ, ջրամատակարարման գրաֆիկներից էական շեղումներ չեն եղել:
Ինչպես տեսնում ենք, պետությունը ջրամատակարարման խնդիրը պահում է ուշադրության կենտրոնում: Դա առավել ցցուն էր մարզային այցերի ժամանակ:
Մարինա Ներսեսյան