Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կառավարության նիստի ժամանակ հայտնել է, որ ՀՀ տնտեսության աճի համար առկա են առողջ զարգացման միտումներ, որոնք ավելի մեծ արդյունքներ ցույց կտան տարվա երկրորդ կեսին:
Փոխվարչապետ Գաբրիելյանը նշել է՝ ԱՎԾ-ի ամփոփումը ցույց է տալիս, որ 2015թ-ի առաջին վեց ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4.2%: Նրա բնորոշմամբ' ամենամեծ աճն առկա է գյուղատնտեսության մեջ: «Հատկապես բուսաբուծության ոլորտում ունենք զարգացումներ: Ոլորտում ունենք բարձր բերքատվություն' կապված եղանակային պայմանների հետ, ինչպես նաև նոր հողերի օգտագործման հետևանքով։ Շինարարության ծավալը ևս 106% է: Վերջին տարիներին մեր շինարարությունը նվազում էր ու դրա պատճառներից մեկը բնակչության հաշվին կատարվող շինարությունն էր, հիմա մենք ունենք աճ, որը ևս կայուն ու ցանկալի դրսևորում է: Հանքարդյունաբերության մեջ ունենք 34%-ի աճ, որը այն պայմաններում է, որ ունենք պղնձի գների նվազում»,- հայտնել է Վ. Գաբրիելյանը:
ՀՀ եկող տրանսֆերտների ցուցանիշները փաստացի նվազել են, բայց ըստ էության չեն հակասում տնտեսության աճին, որովհետև առևտրաշրջանառության նվազումն ուղիղ համեմատական է տրանսֆերների էական նվազեցմանը:
Տրամաբանական է, որ արտաքին միջոցները, կամ, այլ կերպ ասած դրամական փոխանցումները, նկատելիորեն պակասել են, ինչը կապված է վերջին տարվա ընթացքում ՌԴ նկատմամբ պատժամիջոցների հետ, ապա ՀՀ ներքին առևտրաշրջանառության պակասելը լրիվ տրամաբանության սահմաններում է, քանի որ, ինչքան քիչ դրամական միջոցներ ու խնայողություններ է ունենում մարդը, այնքան նվազ են նրա կատարվող բոլոր ծախսերը:
Էրիկ Միլլեր