Ցեղասպանության հարյուրամյակի շուրջ միջոցառումների բարձրացրած հզորագույն միջազգային ալիքը աննկատ չի մնացել Թուրքիայում և արդեն իսկ տալիս է իր դրական պտուղները, ինչի մասին կարելի է պատկերացում կազմել այս տարվա ապրիլի 24-ին նվիրված Ահմեդ Դավութօղլուի ուղղերձի տեքստին ծանոթանալով։
Այս ուղղերձում, առավել քան երբեք, թուրքական իշխանությունները փորձում են զերծ մնալ ագրեսիվ ու վիրավորական ձևակերպումներից՝ հայերի հանդեպ ու ավելի շատ են շեշտ դնում դարեր շարունակ միասին ապրած ու ընդհանրություններ ունեցող ժողովուրդների ժառանգներ լինելու վրա։
Իհարկե, ուղղերձը մեր ընկալման համար շատ հեռու է դրական ու ճիշտ լինելուց, որովհետև բոլոր դրական, կամ էլ առնվազն ոչ բացասական երանգներով հանդերձ, այն լի է նաև դիտավորյալ անճշտություններով, պատմական կեղծիքով ու սխալ շեշտադրումներով։
Դավութօղլուի ուղղերձից բխում է, որ օսմանյան թուրքերին ու մահմեդականներին ևս տեղահանումների ու սպանդի են ենթարկել, ընդ որում, դատելով տոնայնությունից՝ դա արել են հայերը (թեև սկզբունքորեն անհասկանալի է, թե ինչպես կարող էին հայերը համակարգված ու պետականորեն իրագործված տեղահանումներ անեին Օսմանյան կայսրությունում)։
Դավութօղլուն կոչ է անում նաև առանց քաղաքականացնելու նայել պատմությանը և խտրականություն չմտցնել հարցի մեջ՝ սևեռվելով միայն հայերի ցավի վրա, ցավակցում է զոհերի ժառանգներին ու հղում է անում Էրդողանի անցած տարի արված նույնօրինակ ցավակցությանը, և այլն, և այլն...
Հասկանալի է, որ սա հերթական թուրքական տրյուկն է ու տեքստի հարաբերական փափկությունն ու հաշվտողականության ոգին պայմանավորված են ոչ թե նրանով, որ նույն Դավութթօղլուն անսպասելիորեն գիտակցել է, որ հարյուր տարի առաջ իր պետությունը ոճրագործություն է արել, ոչ էլ անգամ նրա համար է արված, որպեսզի հաշտեցման եզրեր գտնվեն հայերի ու Հայաստանի հետ։ Ամենևին։
Այս ամենի միակ նպատակը մեկն է. «թոզ փչել» միջազգային հանրության աչքերին՝ ցույց տալով, թե ինչ կառուցողական ու քաղաքակիրթ աշխարհայացք ունի արդիական Թուրքիան և այդ կերպ, նրանք ջանում են մեղմել ահագնացող միջազգային ճնշումն ու բացասական վերաբերմունքն առ թուրքական պետություն։
Գոռ Սաղաթելյան