Եթե հավատանք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ֆեյսբուքյան էջում փակցված տեղեկատվությանը, ապա Ադրբեջանը հերթական անգամ շտապել է ցույց տալ, որ կատարելապես թքած ունի միջազգային հանրության, նորմերի և սովորույթների վրա: Այս անգամ, պարզվում է, որ ՆԱՏՕ-ի ԽՎ Ռոզ-Ռոթ սեմինարին, որն այս օրերին ընթանում է Բաքվում, մասնակցությունը մերժվել է Ազատություն ռադիոկայանի լրագրողին:


Նկատենք, որ բոլորովին վերջերս ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ռենե Ռուքեին տրամադրված վիզան ադրբեջանական իշխանությունների կողմից վերջին պահին չեղյալ համարելու պատճառով Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը որոշում էր կայացրել առաջիկա երկու տարիների ընթացքում Ադրբեջանում վեհաժողովների հանդիպումներ չանցկացնել: Եվ այստեղ հարց է առաջանում, որքանով է նպատակահարմար ընդհանրապես ցանկացած տեսակի բարձր մակարդակի միջազգային միջոցառումների անցկացումը մի երկրում, որտեղ ամբողջովին արհամարվում են բոլոր այն հիմնարար արժեքներն ու սկզբունքները, որոնց ապահովման համար էլ հենց դրանք անցկացվում են:

 

 

Արտակ Ոսկանյան