Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին մեղադրել է Ֆրանսիային Արցախին աջակցելու համար։

«Ֆրանսիան, որն իրեն կեղծ է ներկայացնում որպես մարդու իրավունքների և միջազգային իրավունքի պաշտպան, նախկինի պես միջամտում է այլ երկրների ներքին գործերին»,- Բաքվում հայտարարել Է Ալիևը` Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման ժամանակ։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ասաց` միջազգային հանրությունը շարժվում է այն օրակարգով, ինչը թելադրում է տվյալ երկրի իշխանությունը, իսկ Հայաստանի իշխանության օրակարգն է` Արցախը Ադրբեջան է և վերջ։

Ռուսաստանից բացի որևէ գերտերություն երբևէ չի հայտնել պատրաստակամություն՝ լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը, թղթով` այո, նրանք կարող են բարոյական աջակցություն ցույց տալ և դա ընդամենը թղթային մակուլատուրա է, որը որևէ քաղաքական նշանակություն չունի։

«Հայաստանի իշխանությունները որևէ օրակարգ չեն առաջարկում, նրանք ընդամենը սպասարկում են Ադրբեջանի օրակարգը, ինչը այսօր միջազգային բոլոր խաղացողներին ձեռք է տալիս, այսօր բոլորին ձեռնտու է չփչացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ: Ռուսաստանի ձեռքերն էլ, կապված լինելով ուկրաինական պատերազմով և ունենալով բավականաչափ վարկանիշային և ռեսուրսային անկում, այսօր չի կարող լիարժեքորեն երաշխավորել Արցախի և Հայաստանի անվտանգությունը։

Այսպիսով, մենք ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանը ինքը չի կարող այսօր իր անվտանգությունը երաշխավորել և չկա որևէ պետություն, որը կերաշխավորի այդ անվտանգությունը»,-ասաց մեր զրուցակիցն ու հավելեց՝ դրա վկայությունն է երկու օր առաջ Հանրային Հեռուստաընկերությանը տված ԱՄՆ դեսպանի հարցազրույցը, որտեղ վերջինս, շարունակելով Նիկոլ Փաշինյանի թեզը, նշել է, որ Արցախի ժողովուրդը հանգիստ կարող է ապրել Ադրբեջանի ենթակայության ներքո։

«Ադրբեջանը այնքան թքած ունի միջազգային հանրության վրա, որ պետական «AZ» հեռուստաընկերությամբ պաշտոնապես հայտարարվում է, որ Արցախում պատրաստվում են իրականացնել վրեժ երեք «հակաահաբեկչական» օպերացիան, այնպես որ, ցանկացած պահի, շատ մեծ է նոր պատերազմի վտանգը»,- նշեց նա։

 

Լիլիթ Զալիբեկյան