Զանազան հեղափոխական «գարուններից» և ներքին խժդժություններից հմտորեն խույս տված, ինչպես նաև միջազգային մեկուսացումը հաջողությամբ հաղթահարող Իրանը հաստատակամորեն սկսում է վերադառնալ Մերձավոր Արևելքի իր ավանդական ազդեցության տարբեր գոտիներ և նվաճել նորերը:


Իրանի ներկայությունն Իրաքում գրեթե անսահամանափակ է՝ ընդհուպ մինչև իրանական զորամիավորւոմների առկայությունը կամ շիայական սրբավայր Քերբալայում իրանցի քաղաքապետի նշանակումը, Աֆղանստանում երկրի նախագահի աշխատակազմն ուղղակիորեն ֆինանսավորվում է Թեհրանից, Լիբանանում ամենազդեցիկ ռազմաքաղաքական կազմավորումներից Հիզբալլահը բացահայտ իրանական արբանյակ է, Սիրիայում իրանական ազդեցությունը հասել է իր պատմական բարձրակետին, Բահրեյնում երկրի բնակչության շիա մեծամասնությունն ընդօրինակում է Ղոմի իրանցի այաթոլլահներին, իսկ Եմենում իրանական աջակցությունը լայնորեն վայելող հութիները տնօրինում են այդ երկրի մայրաքաղաքը:


Շիայականության դրոշի ներքո իսլամական Իրանն աստիճանաբար «նվաճում է» նախկին Սասանյան կայսրության մերձավորարևելյան գրեթե ողջ տարածքը, և այդ հաղթական երթն առայժմ անկասելի է:

 

 

Վարդան Ոսկանյան