Ինչպես տեղեկացանք ՀՀ կառավարության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը Քուվեյթի վարչապետի հրավերով գտնվում է Քուվեյթի Պետությունում, որտեղ պետք է հանդիպի էմիրի, խորհրդարանի նախագահի, վարչապետի ինչպես նաև ներդրումային գործակալության, առևտրաարդյունաբերական պալատի և Քուվեյթի հիմնադրամի ղեկավարության հետ:
Ներկա պայմաններում, երբ աշխարհի բազմաթիվ երկրներ տնտեսության ոչ բարվոք լինելու պատճառով կրճատում են բյուջեները, Քուվեյթի Պետությունը պատկանում է այն փոքրաքանակ պետությունների դասին, որոնք իրենք են օգնություն առաջարկում, քանի որ այնտեղ նավթի բարձր գների պատճառով վերջին տարիներին կուտակվել են մեծ ֆինանասական միջոցներ:
Հիմնականում վերը նշված գումարները տարբեր ներդրումների տեսքով ներդրվում են ԱՄՆ-ում, Գերմանիայում և Հարավարևելյան Ասիայի տարբեր երկրներում, սակայն դրա հետ մեկտեղ Քուվեյթի կառավարությունը ձգտելով նվազեցնել երկրի տնտեսության կախվածությունը նավթից, ներդրումային ծրագրեր է իրականցնում տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար: Ինչպես նաև հետաքրքրված է զարգացող երկրներում ներդրումներ կատարելով, որոնց շնորհիվ կկարողանա ստանալ կայուն եկամուտներ: Այդ իսկ պատճառով Քուվեյթի հիմնադրամները արտոնյալ վերկեր են տրամադրում զարգացող երկրներում հատկապես էներգետիկայի, գյուղատնտեսության և հեռահաղորդակցության ոլորտների զարգացման համար:
Ճիշտ է Քուվեյթը ունի զարգացած բանկային համակարգ, սակայն չունի համապատասխան պայմաններ գյուղատնտեսության զարգացման համար, այդ իսկ պատճառով սննդամթերքը' ընդհուպ մինչև խմելու ջուրը, ներմուծվում է այլ երկրներից: Այս փաստը ցույց է տալիս, որ երկու որկրների համագործակցությունը փոխշահավետ է, քանի որ մենք նրանց կարող ենք տրամադրել թե գյուղմթերք և թե խմելու ջուր, ինչպես նաև կա «պարարտ հող» ջերմոցների, գյուղմթերքների վերամշակման արտադրությունների, անասնապահության և այլ ծրագրերի իրականացման համար:
Վերը նշված հանգամանքները հաշվի առնելով կարելի է փաստել, որ Քուվեյթ-Հայաստան համագործակցությունը փոխշահավետ երկու երկրների տնտեսությունների կայունության համար:
Ժորա Գրիգորյան