Երեկ հայտնի դարձավ, որ Քուվեյթի վարչապետի հրավերով Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը այսօր մեկնելու է Քուվեյթի Պետություն, որտեղ կհանդիպի էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի, խորհրդարանի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի և վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահի հետ:


Ենթադրելի է, որ քննարկվելիք հիմնական հարցերից մեկը կլինի գյուղատնտեսության ոլորտում կապերի և համագործակցության զարգացումը, քանի որ այս հարցը երկու պետությունների հետաքրքրության շրջանակներում է գտնվում:


Քուվեյթի Պետությունը, չունենալով ոռոգման բավարար ջրային ռեսուրսներ, կարողանում է որպես վարելահող օգտագործել ընդհանուր տարածքի միայն 1%-ը, իսկ ձկնորսությամբ ապահովել ներքին պահանջարկի մոտ 25%-ը: Այս պայմաններում ՀՀ-ն կարող է հանդիսանալ գյուղմթերք մատակարարող լուրջ գործընկեր, որի շնորհիվ, թե Քուվեյթի Պետությունը կստանա որակյալ գյուղմթերք և թե ՀՀ գյուղացին կունենա հստակ ու կայուն շուկա իր արտադրանքի իրացման համար:


Եթե ավելի խորը ուսումնասիրենք վերը նշված պայմանները, ապա կարող ենք 2 կարևոր կետ առանձնացնել.


1.Կավելանա ՀՀ-ից Քուվեյթի Պետություն արտահանվող գյուղմթերքի ծավալները, որն էլ կարող է լուրջ խթան հանդիսանալ գյուղական համայնքների զարգացման և կենսամակարդակի բարձրացման համար:


2.ՀՀ գյուղատնտեսության ոլորտը Քուվեյթի Պետության բիզնեսմենների համար կարող է հրապուրիչ թվալ, քանի որ մեր բնակլիմայական պայմանները հաշվի առնելով կարելի է համեմատաբար քիչ ներդրումներով հասնել ցանկալի արդյունքի, իսկ այս գործոնը լուրջ խթան է մեր գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելու, ինչու չէ նաև նոր արտադրական և վերամշակման ձեռնարկություններ հիմնադրելու համար:


Ինչևիցե սպասենք հանդիպման ավարտին և հուսանք, որ մեր սպասումները կարդարացվեն:

 

 


Արման Ղարիբյան