Օրերս պարզ դարձավ, որ մարտի 1-ին, իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ Հայաստան կժամանի Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, ով նաև հանդիսանում Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը: Այլ կերպ ասած' Հայաստան է ժամանում Եվրամիության գլխավոր դիվանագետն ու կառավարության երկրորդ դեմքը:
2013 թվականի սեպտեմբերից հետո, երբ Հայաստանը հայտարարեց Մաքսային միության մաս կազմելու մասին, շատերին թվում էր, թե ՀՀ-ԵՄ հարաբերությունները կհայտնվեն խոր փակուղում և այնտեղից այլևս դուրս չեն գա: Սակայն դեպքերի բարեհաջող ընթացքը այլ բան նախանշեց և ապացուցեց, որ եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մաս հանդիսացող Հայաստանը Եվրոպայից հեռու չի կարող գտնվել:
Եվ այժմ էլ Հայաստանն ու Եվրամիությունը բանակցություններ են սկսել շրջանակային նոր համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ, որը նոր հարթության վրա կդնի ՀՀ-ԵՄ հարաբերությունները:
Իսկ եվրոպացի պաշտոնյաների այդքան հաճախակի դարձած այցելություններն էլ այն բանի վառ վկայությունն են, որ Հայաստանի և Եվրամիության միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն է ընթանում: Միայն վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստան ժամանեցին Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, իսկ այժմ էլ' Ֆեդերիկա Մոգերինին:
Այս ներկայացուցչական այցերը և Հայաստան-Եվրամիություն համագործակցության նման բարձր մակարդակը, պարզորոշ կերպով հուշում են, թե ինչ ահռելի աշխատանք է կատարվում հայ և եվրոպացի դիվանագետների կողմից այս ուղղությամբ: Եվ կարելի է վստահորեն պնդել, որ նրանց հսկայական աշխատանքի արդյունքում էր, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը չսառեց:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը Հայաստանում կունենա մի շարք հանդիպումներ' այդ թվում ՀՀ նախագահի և ՀՀ արտգործնախարարի հետ, իսկ բանակցությունների գլխավոր առարկան կլինի Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների նոր ձևաչափը։
Եվրամիության այս ճկուն քաղաքականությունը հույս է ներշնչում, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը ապագայում կգտնվի ամենաբարձր մակարդակի վրա: Վերջին տարիներին ԵՄ-ն հասկացավ, որ Արևելյան գործընկերության անդամ երկրները տարբեր են և նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ առանձին մոտեցում պետք է ցուցաբերվի: Եթե ԵՄ-ն բոլորին նույն արշինով շարունակեր չափել և չփոխեր իր քաղաքականությունն ու այն չհարմարեցներ առկա իրողություններին, ապա դա կբերեր հարբերությունների լուրջ ճգնաժամի: Իսկ դա ոչ մի կողմի համար էլ ձեռնտու չէր կարող լինել:
Հայոց Տուն