Գոյություն ունի մանկական հոգեբանական խնդիր, որը պայմանականորեն կարելի է անվանել ԷՄՈՑԻՈՆԱԼ ԴԵՊՐԻՎԱՑԻԱ: Այն իր վարքային դրսևորմամբ առաջին հայացքից շատ նման է աուտիզմին կամ աուտիստիկ սիմպտոմատիկային, մինչդեռ շատ վաղ տարիքում առաջացող զուտ հոգեբանական խնդիր է: Ծնողները հաճախ չեն պատկերացնում, որ երեխան այդ տարիքում կարող է հասկանալ՝ ինչ են հարաբերությունները, ինչպիսին են դրանք, ու դրանց ի պատասխան որոշակի վարք ցուցաբերել: Ընդամենը 1տ. սահմանում երեխան ի վիճակի է ընկալելու ծնողների միջև հարաբերությունները, իր նկատմամբ նրանց վերաբերմունքը, առհասարակ մեծերի զրույցները, վարքն ու վախերը: Եվ եթե այս ամենը հոգեբանական դիսկոմֆորտ պատճառի երեխային, նրա մոտ կարող է առաջանալ նշված ԷՄՈՑԻՈՆԱԼ ԴՊԵՐԻՎԱՑԻԱ: Ինչու՞: Սա իրականում բացատրելի է:
Ինչո՞վ է այս բարդույթը նման ԱՈՒՏԻԶՄԻՆ: Վերջինիս դեպքում երեխան փակված է ինքն իր մեջ ու չի շփվում: Դեպրիվացիայի դեպքում տպավորությունը նույնն է, մինչդեռ նա, հակառակը, բացեիբաց, հստակ վարքով ցույց է տալիս, որ ունի խնդիր: Պարզապես դա անում է 1տ. մարդուկին հատուկ գործողություններով (ձայնի հատուկ երանգներ, ճիչ, վախ, համոզել, պահանջել, նեղանալ). նրան հասկանալ է պետք: Սա առաջին տարբերակիչ նշանն է աուտիզմից:

 


2-րդ ակնհայտ տարբերակիչ փաստն այն է, որ այս երեխան ձևավորում է ոչ թե չշփվող, այլ հակառակված վարք: Ծնողի որևէ պահանջի դեպքում նա լրիվ հակառակ կատարում է ցուցադրում՝ “ինչ կուզեմ-կանեմ” դաշտից: Օրինակ, երեխան ոչ թե իրապես չի լսում, որ ծնողն իրեն կանչեց, այլ հատուկ նստում է մեջքով ու հատուկ անտեսում նրան կամ աղմուկով այլ բանով զբաղվում: Սա ոչ թե անկարողության, այլ հակաճառության նշան է:
3-րդ տարբերակիչ նշանն այն է, որ երեխան մի կողմից կարողանում է իրավիճակն օգտագործել հօգուտ իրեն՝ որպես 1տ. անօգնական երեխա, իսկ մեկ այլ իրավիճակում ցուցադրում մեծի պահանջկոտ ու քմահաճ վարք: Ահա այդ պահանջկոտ, հստակ ուղղորդված վարքով ենք տարբերակում աուտիստիկ, իներտ երեխային զուտ էմոցիոնալ հոգեբանական խնդրով երեխայից:
Էմոցիոնալ դեպրիվացիայով երեխայի մոտ մեծահասակների հետ շփումը պարտադիր պայման է ապրելու համար՝ թեկուզև հակառակվելու ձևով: Պարտադիր է նաև շահ ստանալը՝ մեծի կամ փոքրի վարք դրսևորելով: Փաստորեն, երևում է 2 ծայրահեղություն՝ պահանջներ ցուցադրելու (շփվել-հակառակվել) ու տարիքային դաշտերում(մեծ եմ-փոքր եմ խաղ), որոնք տանջում են երեխային: Սա վտանգավոր թակարդ է, քանզի երեխան «որոշում է» ոչինչ չսովորել ու չհմտանալ: Չի սովորում նաև խոսել, ինչն էլ ամենաակնհայտ խնդիրն է ծնողների համար: Նա «խոսում է մտքում» սիմվոլիկ ժեստերով ու միմիկայով, ստերեոտիպային վարքով, այլ կերպ ասած՝ այլընտրանքային լեզվով: Մինչդեռ աուտիստիկ երեխան արտաքին աշխարհի հետ շփվելու ու խոսելու ցանկություն իսկ չունի՝ ի տարբերություն այս տիպի երեխաների: 

 

 


Ինչու՞ է երեխան որոշում այսկերպ պատժել ծնողներին՝ պատժելով նաև ինքն իրեն: Սրա հիմքում ընկած է ծնող-երեխա, իսկ ավելի հաճախ՝ մայր-զավակ հարաբերություններում էմոցիաների պակասը, ծնողից օտարվելը, երբ ինչ-որ պատճառներով ծնողը չի կարողանում ցույց տալ երեխային սիրո այնպիսի չափ, որի դեպքում երեխան հաճույքով ընդունում է ծնողի վարքը, սովորում նրանից տարբեր հմտություններ, այդ թվում և խոսել: Ահա այս բնութագիրն է ստանում էմոցիոնալ դեպրիացիա անվանումը. զգացմունքային օտարում, որը նշաններով նման է, բայց պատճառներով սկզբունքորեն տարբերվում է աուտիզմից և աուտիստիկ վարքից:
1990-ական թթ վերջից սկսեցի աշխատել նման խնդիրներով երեխաների հետ և առաջարկեցի էմոցիոնալ դեպրիվացիա տերմինը՝ որպես այս խնդրի անվանում: Նման երեխաների հետ աշխատանքի մեթոդոլոգիան իմ կողմից մշակվել ու կատարելագործվել է տարիներ շարունակ: Աշխատել եմ 70-ից ավելի երեխայի հետ, որոնց կարող եմ հստակ բաժանել 2 խմբի. երեխաներ, որոնց օտարման խնդիրը ծնողի հետ միասին կարողացել ենք գտնել ու հաղթահարել (սա հնարավոր չէ անել առանց ծնողի հետ արդյունավետ համագործակցության), նրանք դարձել են հասարակության լիարժեք անդամ, և երեխաներ, որոնց դեպքում ծնողները ոչ մի կերպ չեն կարողացել ընկալել իրենց էմոցիոնալ դաշտի կարևորությունը երեխայի զարգացման հարցում, չեն կարողացել վերգտնել իրենց որպես ծնող: Երկրորդ խմբի երեխաները կարողանում են շփվել, որոշակիորեն ներգրավվել հասարակության մեջ, բայց բավականին սահմանափակ կարողություններով. մնում է հակառակվելու ցանկությունը, նրանք կրում են որևէ հոգեկան ախտորոշում: 
Մեծահասակների, մասնավորապես ընտանիքի անդամների հիմնական բացթողումն այն է, որ մոտ 1տ. երեխայի մոտ նրանք չեն տեսնում հոգեբանական բարդույթ, մտածում են՝ դեռ փոքր է, կմեծանա, կանցնի և այլն: Մինչդեռ 2տ.-ի սահմանում նման հակառակվող վարքը բերում է կայուն ընկճվածության, մեկուսացման, որը խորացնում է օտարումը:


4-5տ.-ից երևույթը դառնում է հիվանդագին ու էլ ավելի նմանվում աուտիզմ կամ աուտիստիկ սիմպտոմատիկա կոչվածին: Իսկ էլ ավելի մեծ տարիքում՝ 8տ.-ից հետո, նման երեխաների մոտ, որպես կանոն, ախտորոշվում է դեզինտեգրացիոն փսիխոզ: Վերջինիս դեպքում երեխան չի պարփակվում իր մեջ, այլ ագրեսիվ ու դեպրեսիվ վարքը ցուցաբերում արտաքին աշխարհում ու դառնում վտանգավոր և ոչ ադեկվատ: Այս դեպքում հոգեբույժները դեղորայքով շտկում են այդ վարքը, և նրանք բավականին ինտեգրվում են հասարակությանը: Մանկավարժների օգնությամբ այս երեխաները գիտելիքի կամ արվեստի բնագավառում գտնում են իրենց տեղը:
Ի ուրախություն ինձ՝ էմոցիոնալ դեպրիվացիա տերմինն արդեն մտել է շրջանառության մեջ, ու շատ հոգեբաններ զգում են տարբերությունը դրա ու աուտիզմի միջև: Քանի որ կա իմ կողմից մշակված ու ժամանակի մեջ արդյունավետությունն ապացուցած հոգեբանական մեթոդ, կարծում եմ՝ ժամանակն է հոգեբաններին ու հատուկ մանկավարժներին օգնելու սովորել ու կիրառել դա իրենց աշխատանքում: 
Եթե ծնողը հասցնի վաղ տարիքում (1,8-2,2տ.) բացահայտել ու կանխարգելել նման խնդիրը հոգեբանական աշխատանքով, հարցը շատ արագ լուծում կստանա և երեխան 4տ.-ի սահմանում բարեհաջող դուրս կգա այդ էմոցիոնալ դեպրևացիայի ծուղակից, կինտեգրվի հասարակությանը որպես լիարժեք անդամ: 
հեղ. հոգեբան Ն.Իսրայելյան, խմբ.Լ Քոչարյան





Հոգեբանություն