Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր հանդիպել են «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հետ: Վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում աջակցել գործարանի վերագործարկմանը:
Վարչապետն իր խոսքում նշել է, որ նաիրիտցիներն ունեն բարոյական իրավունք' իրենց աշխատավարձը պահանջելու, բայց ոչ վարչապետից եւ էներգետիկայի նախարարից, քանի որ բյուջեում նման գումար նախատեսված չէ: Նա ընդգծեց, որ «Նաիրիտն» ունի տնօրենների խորհուրդ, որը պատասխանատու է աշխատավարձերի համար, իսկ կառավարությունն այս պարագայում ուզում է աջակցել, որպեսզի աշխատակիցների աշխատավարձի մի հատվածը փոխհատուցվի: Վարչապետը շեշտել է, որ կառավարությունն այս ամենով հանդերձ պատրաստ է մեկ ամսվա լրացուցիչ աշխատավարձ վճարել, մյուսը' հունվարին:
Հարցի նման մոտեցումը տրամաբանական ու արդարացված է այնքանով, որ բնական է' ցանկացած կառավարություն չի ցանկանում, որ երկրում սոցիալական բունտի փոքրիկ օջախներ ստեղծվեն, մյուս կողմից հասկանալի է, որ մարդկանց համար միակ հենվելու ու բռնվելու տեղը կառավարությունն է ու իր պահանջները նրան է ներկայացնում:
Միաժամանակ անհրաժեշտ է փաստել, որ կառավարությունն իրավական առումով չի կարող խառնվել մասնավոր հիմնարկի ներքին գործառնույթներին, որովհետև նա դրա իրավունք ուղղակի չունի:
Անդրադառնալով վճարված աշխատավարձների հարցին, նշենք, որ նախորդ ամիսների պարտքը պետությունը վճարել է այլ հարկատուների հաշվին' նրանց վճարած հարկերով:
Ստացվում է, որ կառավարությունը հարկատուներիս հաշվին վճարում է չաշխատող կամ թեկուզև, աշխատող ձեռնարկության աշխատողների աշխատավարձերը, իսկ դա այն դեպքում, երբ տվյալ գործարանի 90 տոկոս բաժնեմասը պատկանում է մասնավոր անձնանց:
Իսկ ե՞րբ են վճարելու ու պատասխանատվություն դրսևորելու խնդրի իրական հասցեատերերը' Նաիրիտի իրական սեփականատերերը, ով է դրանց «վզից բռնելու» ու քարշ տալու իրենց իրական տեղը: Այս հարցերի պատասխանը մնում է անհայտ:
Արմեն Հովասափյան