Քիչ առաջ ՀՀ վարչապետի մոտ ավարտվեց «Նաիրիտի» մի խումբ աշխատակիցների հետ հանդիպումը, որոնք այսօր առավոտվանից բողոքում էին Կառավարության շենքի դիմաց: Գործարանը, որպես այդպիսին, չի աշխատում 2010թ-ից, երբեմնի հսկայի աշխատակիցները այլ ճակատագրի չեն գնացել' հույսը չկորցնելով, որ մի օր «Նաիրիտը» կվերածնվի, բայց դրա դիմաց էլ փաստացի պահանջում են իրենց վճարել…


Երկակի ստանդարտներ, բայց դա է իրողությունը' մարդիկ չեն աշխատում, բայց պահանջում են աշխատավարձ: Մեկ նյուանս էլ' կառավարությունից են պահանջում վճարել իրենց, որը հանդիսանում է ընդամենը ՓԲԸ-ի 10 տոկոս բաժնետերը: Իսկ թե որտե՞ղ են «Նաիրիտի» հիմնական սեփականատերերը ու ինչ են մտածում այս մարդկանց ճակատագրերի մասին, մնում է անհայտ:


Հարկ է հասկանալ, թե ի՞նչ պահանջ ունեն այսօր Կառավարության մոտ եկած ու օրեր առաջ նախագահականի մոտ գնացած աշխատակիցները: Ի վերջո, աշխատավարձերի վճարման մասով թերևս պարզաբանում տրվել է. գործարանի ղեկավարությունը արդեն պաշտոնապես հայտարարել է, որ այն աշխատակիցները, ում հետ փետրվարի 1-ից չի երկարացվի աշխատանքային պայմանագիրը, պարտադիր կարգով ու ըստ օրենսդրության կստանան վերջնահաշվարկը' կուտակված պարտքը կվճարվի:


Ելնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական ոչ բարվոք իրավիճակից կարող ենք միանշանակ պնդել, որ բողոքողների մեծ մասին ավելի շատ մտահոգում է սեփական եկամուտների հարցը, քան «Նաիրիտի» ապագան, բայց սա էլ կարևոր խնդիր է, որ չպետք է անտեսվի: Ի վերջո, այդ ապագան կարող է նաև իրենց ապագան լինել' անկախ այն բանից, որ աշխատակիցների մեծ մասը 50-60 անց են:


Եվ հենց այստեղ է, որ հարկավոր էր հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ արդեն իսկ կա ձեռք բերված համաձայնություն կառավարության և Համաշխարհային բանկի միջև, որպեսզի մասնագետները ուսումնասիրութունններ իրականացնեն գործարանում: Այսինքն' հարկավոր էր ընդամենը հասկանալ, որ «Նաիրիտի» ճակատագրի վերաբերյալ հիմնական հարցին իրատեսական պատասխան կարելի կլինի ստանալ միայն այդ վերլուծությունները հրապարակելուց հետո ու բողոքել էլ հենց դրանից հետո, եթե ինչ-որ բան չգոհացնի: Բայց, կրկնում ենք, քանի որ այս բողոքի հիմքում ավելի շատ սեփական ճակատագրի ու հացի խնդիրն է (ինչն ուղղակի արձանագրում ենք որպես փաստ և ոչ թե քննադատում), ապա դրանից դրդված էլ այդ մարդիկ այսօր հանդիպեցին վարչապետի հետ:


Ի վերջո, որքան էլ որ այս խնդիրը կնճռոտ է ու ցավոտ, այդուհանդերձ այն առնչվում է տարիներով կուտակված խնդիրներին և որքան էլ այս կառավարությունը ցանկանա' հասկանալի է, որ կախարդական փայտիկ չկա միանգամից դրան լուծում տալու, այն էլ այնպես, որ բոլոր կողմերը գոհ մնան:


Շատ բան կախված է Համաշխարհային բանկի մասնագետների՝ առաջիկայում գործարանում իրականացվելիք ուսումնասիրություններից, որոնք պետք է պատասխան տան տարիների ընթացքում կուտակված կնճռոտ հարցերին:

 

 

Վաչագան Գևորգյան