Արդեն որերորդ ամիսն է, նրան անհանգստացնում էին սարսափելի կանխազգացումները.... հիմնականում գիշերները: Նա պառկում էր քնելու և վախենում էր չտեսնել հաջորդ օրվա լուսաբացը, չէր քնում այնքան ժամանակ, մինչև չէր լուսանում, երբեմն նրան ընդամենը մեկ ժամ էր մնում այն պահից, երբ պետք է վեր կենալ և գնալ աշխատանքի:
Հենց որ նա իմացավ, որ Պայծառատեսը կանգ է առնելու գիշերը քաղաքի մերձակայքում, միանգամից հասկացավ, որ դա նրա եզակի հնարավորությունն է, որովհետև, նույնիսկ, պատահական անցորդները հազվադեպ հյուրեր են այդ բնակավայրում՝ կորած Կալդեյ լեռներում:
Խոսակցություններ էին պտտվում հանելուկային հյուրի մասին, և չնայած նրան ոչ ոք չէր տեսել, խոսում էին, որ Ուսուցիչը ունի բոլոր հարցերի պատասխանները: Եվ ահա եկավ այն առավոտը, երբ նա դուրս եկավ տանից, քանի տանեցիներից ոչ ոք իրեն չէր նկատել, և ուղևորվեց դեպի ուսուցչի վրան, որը կանգնեցված էր գետի ափին:

 


Երբ նա եկավ, արևը հազիվ էր դուրս եկել հորիզոն:
Նա տեսավ, որ Պայծառատեսը խորասուզված է մեդիտացիայի մեջ:
Նա հարգանքով սպասեց այնքան, մինչև ուսուցիչը նկատեց նրա ներկայությունը: Պայծառատեսը շրջվեց դեպի նրան և հանգիստ նայեց աչքերին՝ չասելով ոչ մի բառ:
- Ուսուցի՛չ, օգնի՛ր ինձ,- ասաց մարդը,- սարսափելի մտքերը տիրում են ինձ գիշերները, իմ հոգին հանգիստ չունի...... ես չեմ կարողանում ո՛չ ուտել, ո՛չ քնել, ո՛չ հաճույք ստանալ կյանքից: Ասում են՝ դուք գիտեք բոլոր հարցերի պատասխանները և կարող եք ցանկացած դժբախտություն հաղթահարել: Օգնե՛ք ինձ ազատվել այդ տագնապից...
Ի պատասխան ուսուցիչը ժպտաց:

 

 


- Ես քեզ մի պատմություն կպատմեմ:
Մի հարուստ մարդ իր ծառային ուղղարկում է շուկա՝ գնումներ անելու: Բայց շուկայում ծառան հանդիպում է մահվան հետ, ով ակնապիշ նայում է նրա աչքերին: Նա սփրթնում է վախից և փախչում՝ թողնելով և՛ ավանակը, և՛ ողջ զամբյուղները՝ գնված ապրանքներով:
Շնչահեղձ լինելով՝ ծառան վազում է իր տանտիրոջ տուն:
- Տե՛ր,տե՛ր: Խնդրում եմ ինձ տուր մի ձի և մի քիչ փող, որպեսզի ես կարողանամ հենց այս րոպեին հեռանալ քաղաքից.... Եթե ես գնամ հենց հիմա, ապա հնարավոր է հասնեմ Տամուր մինչև մթնելը.... Խնդրում եմ, տե՛ր, խնդրում եմ, աղաչում եմ քեզ.......

 

 


Տանտերը հարցնում է նրան այդպիսի հրատապության պատճառը և ծառան կցկտուր պատմում է տանտիրոջը իր՝ մահվան հետ հանդիպման մասին:
Տանտերը մի պահ մտածում է և պարզելով նրան դրամներով քսակը՝ ասում.
- Լավ, թող այդպես լինի, վերցրո՛ւ սև ձին, նա ամենաարագն է:
- Շնորհակալ եմ, տե՛ր,- պատասխանում է ծառան: Եվ համբուրելով նրա ձեռքերը, վազում է ախոռ, թամբում է ձիուն և արագընթաց սլանում այդ վայրից շատ հեռու:
Երբ ծառան տեսադաշտից անհետանում է, հարուստը գնում է շուկա՝ մահվանը փնտրելու:

 


- Ինչո՞ւ դու վախեցրեցիր իմ ընկերոջը - հարցնում է նա ՝ տեսնելով մահին:
- Ես նրան վախեցրե՞լ եմ, - զարմանում է մահը:
- Այո,- պատասխանում է հարուստը:- Նա ինձ ասաց, որ հանդիպել է ձեզ և դու նրան սպառնալի հայացքով նայել ես:
- Դա այդպես չէ,- ասում է մահը,- ես ուղղակի զարմացա: Չէի սպասում նրան հանդիպել այստեղ, այս ժամանակ, ես մտադրվել էի վերցնել նրան այսօր երեկոյան Տամուրում:
- Հասկանալի՞ է,- հարցրեց Պայծառատեսը:
- Իհարկե, հասկանալի է, ուսուցի՛չ: Հիմար մտքերից թաքնվելու փորձը՝ ճանապարհն է նրանց ավելի մոտ լինելու: Փախչել մահվանից՝ նույն բանն է, ինչ գնալ նրան դեմ հանդիման:
- Ճիշտ այդպես:

 

 


- Ես այնքան շնորհակալ եմ քեզ, ուսուցի՛չ.... Ես զգում եմ, որ այս երեկոյից հետո հանգիստ կքնեմ՝ հիշելով ձեր առակը և ամեն առավոտ կարթնանամ առանց հոգսի....
- Այս երեկոյից....- ընդհատեց նրան ծերուկը,- այլևս առավոտ չի լինի...
- Ես չեմ հասկանում,- պատասխանեց մարդը:
- Այսինքն, դու չես հասկացել պատմությունը:
Մարդը զարմացած նայեց Պայծառատեսին և տեսավ, որ նրա դեմքի արտահայտությունը... այնպիսին չէր, ինչպես նախկինում...
Խորխե Բուկայից

Յացեկ Էրկա "Ֆանտաստիկ Պեյզաժ"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան