Հայաստանի համար աշխարհագրորեն այսպիսի բարդ տարածաշրջանում գտնվելն ինքնին մեր ժողովրդին մշտական ցավ ու զրկանք է պատճառել: Միաժամանակ Հայաստանում ապրող յուրաքանչյուր բնակչի ես հայրենասեր եմ համարում հենց միայն նրա համար, որ ցանկացած պայմաններում մնում են Հայաստանում և հենց միայն իրենց ներկայությամբ ազգապահպան դեր կատարում: Սփյուռքում մենք ունենք մեծ թվով հայրենակիցներ, ովքեր իրենց կյանքով, ամենօրյա գործունեությամբ իրենց նպաստն են բերում մեր երկրի զարգացմանն ու հզորացմանը, սակայն ես բավականին ցավոտ եմ վերաբերվում, երբ Հայաստանում ապրողների հայրենասիրության նկատմամբ որևէ ձևով կասկած է արտահայտվում: Կարծում եմ, որ այն մարդիկ՝ կապ չունի, թե Հայաստանում են ապրում, թե արտերկրում չպետք է միմյանց հրապարակային «դասեր տան»: Միմյանց «դասեր տալը» պետք է արտահայտվի ամենօրյա համառ աշխատանքով, գործով ու սեփական օրինակով: Դրական գնահատելով նախագահի և Թանկյանի հրապարակային նամակագրությունը որպես որպես նոր մշակույթի արտահայտման միջոց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ նմանատիպ հարցերն առավել արդյունավետ կարգավորվում են անմիջական հանդիպումներով, այլ ոչ թե հրապարակային կոչերով կամ հորդորներով: