Ասում են՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության ղեկավարությունը որոշում է կայացրել Աբու Բաքր ալ-Բաղդադիին հեռացնել կառույցի առաջնորդի պաշտոնից: Թեպետ տեղեկատվության արժանահավատությունը որոշակի կասկածի տեղիք է տալիս, քանի որ կազմակերպության կողմից այն դեռևս չի հաստատվել, այնուամենայնիվ լուրը հաղորդած իրաքյան լրատվամիջոցները հղում են կատարում ԻՊ-ի մամուլի պատասխանատու Աբու Մուհամադ ալ-Ադնանիին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԻՊ-ը որոշում է կայացրել փոխել Ալ-Բաղդադիին «սաուդական ծագումով նոր խալիֆով», բայց նրա անվան կամ անձի մասին որևէ հավելյալ տեղեկատվություն չի հաղորդվում:


Իսկ ո՞րն է Ալ-Բաղդադիին «գահընկեց անելու» պատճառը:


«Նա, ով պարծենում է իր ենթակաների հաղթանակներով, բայց ինքը փախչում է մարտադաշտից, արժանի չէ «Իսլամական պետության» խալիֆը լինել և չի արժանանա հավատացյալների վստահությանը: Մենք գնում ենք դեպի հաղթանակ, այդ իսկ պատճառով մեզ անհրաժեշտ է օրինական առաջնորդ: Ավելի ուշ կհայտարարենք նրա անունը»,- իբր նշվում է Ալ-Ադնանիի հաղորդագրության մեջ:


Իսկ Ալ-Բաղդադիի գտնվելու վայրի մասին նշվում է, որ նա անընդհատ փոխում է իր թաքստոցը Սիրիայի և Իրաքի տարածքներում՝ զգուշանալով հնարավոր մահափորձերից:


Իսկ թե ինչ նպատակ է հետապնդում նման տեղեկատվության շրջանառումը, կարելի է մի քանի վարկած առաջարկել: Նախ, չի բացառվում, որ այն նաև միտումնավոր կերպով շրջանառված ապատեղեկատվություն է, որի նպատակն է՝ շեղել միջազգային հանրության ուշադրությունը կազմակերպության առաջնորդից, և այդպիսով փրկել նրան հնարավոր հետապնդումներից:


Իսկ եթե դա, իրոք, համապատասխանում է իրականությանն, ապա չի բացառվում, որ Ալ-Բաղդադիի հեռացման իրական պատճառը կարող է հանդիսանալ միջազգային կոալիցիայի կողմից կառույցին հասցված էական վնասները, կամ, ասենք, ներքին տարաձայնությունները, Ալ-Բաղդադիի ֆիզիկապես ոչնչացման հնարավորությունը և այլն:


Այնուամենայնիվ, ինչ նպատակով էլ իրականացված լինի նման լուրերի տարածումը, եթե այն հապճեպ կերպով չհերքվի, ապա հետևանքը միանշանակ բացասական է լինելու կառույցի հեղինակության համար՝ նվազագույնի հասցնելով ԻՊ-ի հանդեպ վստահությունը մուսուլմանների շրջանում: Քանի որ, ստացվում է, որ ԻՊ-ը ոչ թե հստակ գաղափարի հիման վրա ստեղծված բոլոր հավատացյալ մահմեդականների պետությունն է, այլ պարզապես մի շարք շրջանակների ձգտումներն ամփոփող մասնավոր մի կառույց, որի ղեկավարի փոփոխությունն ընդամենն ինչ-ինչ շահերով պայմանավորված երևույթ է:

 

 

Արմեն Պետրոսյան