Մայիսի 14-ին «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության անունից հերթական ձայնագրությունն է տարածվել, որի միջոցով համայն աշխարհի մուսուլմաններին է դիմում կառույցի ղեկավարը՝ «խալիֆ» Աբու Բաքր ալ Բաղդադին. ձայնագրության վավերականությունը դեռ ստուգված չէ:
Ի՞նչ ազդակներ է պարունակում ԻՊ-ի ղեկավարի նոր կոչը, եթե այն վավերական է:
1. Նախ և առաջ, ձայնագրության տարածման հանգամանքը նպատակ է հետապնդում՝ փարատելու վերջին շրջանում առավելապես տարածված տեղեկություններն առ այն, որ ալ Բաղդադին ոչ միայն սպանված չէ, ծանր վիրավոր էլ չէ և շարունակում է ղեկավարել ԻՊ-ը:
2. Իր ուղերձում հայտարարելով, թե «Իսլամը երբեք էլ չի եղել խաղաղության կրոն, այլ այն պայքարի կրոն է» ալ Բաղդադին հերթական անգամ լուրջ հարված է հասցնում այն կրոնի հիմքերին, որի անունից հանդես գալիս և վերստին ձեռնոց է նետում արաբական և մուսուլմանական վարչկարգերին:
3. Կառույցը շարունակում է նախկին ուղեգիծը՝ հանդես գալով և ներկայացնելով իրեն և իր մղած պայքարը բոլոր մուսուլմանների անունից և նրանց համար:
4. Ողջունելով Եգիպտոսում, Լիբիայում, Եմենում, Ալժիրում Թունիսում իրեն հավատարմության երդում տված և կառույցը համալրած զինյալներին, ինչպես նաև հերթական անգամ կոչ անելով բոլոր մուսուլմաններին անվերապահ կերպով միանալ ԻՊ-ին կամ զենք վերցնել և պայքարել իրենց գտվելու վայրում՝ մերօրյա խալիֆը հաստատում է այն իրողությունը, որ ԻՊ-ի մարտավարությունը շարունակում է մնալ «մերձավոր և հեռավոր թշնամիների» դեմ համաժամանակյա պայքարի հարթության մեջ:
Իսկ ի՞նչ ազդակներ է պարունակում ուղերձը, եթե ալ Բաղդադին դրա հետ որևէ առնչություն չունի:
1. Այս համատեքստում նախևառաջ պարզաբանման աղերս ունի այն հարցը, թե ո՞վ տարածել ձայնագրությունը՝ ԻՊ-ը, թե՞ ուղերձի հեղինակին պետք է բոլորովին այլ ուղղությամբ փնտրել:
2. Եթե ձայնագրությունը տարածված է իՊ-ի կողմից, բայց ոչ ալ Բաղդադիի մասնակցությամբ, ապա այն նպատակ է հետապնդում վերջին շրջանում կառույցի կրած կորուստների, նրա ղեկավար շրջանակների (Աբու Բաքր ալ Բաղդադի, նրա հնարավոր փոխանորդ, կառույցի երկրորդ դեմքը հանդիսացող Աբու Ալա ալ Աֆարիի) սպանության մասին տարաբնույթ տեղեկատվության տարածումից անմիջապես հետո գոնե առժամանակ փարատել բոլոր կասկածները կառույցի արձանագրած լրջագույն կորուստների վերաբերյալ՝ կանխելով հնարավոր դասալքություններն ու խմորումները նրա ներսում:
3. «Իսլամի» վերաբերյալ ԻՊ-ի առաջնորդին վերագրվող վերոնշյալ հայտարարությունները, ինչպես նաև ձայնագրության շրջանակներում եմենյան գործընթացներին անդրադարձը ու դրանց առնչությամբ Պարսից Ծոցի միապետություններին ուղղված մեղադրանքները թույլ են տալիս ենթադրելու, որ ուղերձի տարածման հնարավոր այլ հեղինակները նպատակ ունեն ավելի սրելու նախ արաբամուսուլմանական հասարակությունների և հատկապես առավել ազդեցիկ արաբական միապետությունների վերաբերմունքն ԻՊ-ի հանդեպ, ավելին՝ նրանց դրդել ավելի վճռական գործողությունների իսլամական ծայրահեղ արմատականների դեմ:
Ինչևէ, վերոնշյալը և մի շարք հնարավոր այլ տարբերակներ ընդամենը վարկածներ են, որոնք հերքելը կամ հավաստելը նույնքան խրթին է, որքան խորհրդավոր է ԻՊ-ը և անկանխատեսելի՝ նրա գործողությունները:
Կից նյութն՝ այստեղ
Արմեն Պետրոսյան