Ըստ մի շարք իրաքյան լրատվամիջոցների՝ «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական խմբավորումը հաստատել է կառույցի առաջնորդ «խալիֆ» Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանվելու վերաբերյալ տեղեկատվությունը: ԻՊ-ի հայտարարությունը տարածվել է Մոսուլից արևմուտք գտնվող իրաքյան Թալ-Աֆար բնակավայրում. դրանում նաև նշվել է առաջիկայում կառույցի կողմից նոր «խալիֆի» ընտրության մասին, ինչպես նաև կոչ արվել «ջիհադականներին»՝ շարունակելու պաշտպանել սեփական ամրությունները: Ի դեպ, հենց այս բնակավայրում են օրեր առաջ պաշտոնապես արգելվել ալ-Բաղդադիի հնարավոր մահվան մասին բոլոր տեսակի խոսակցությունները՝ որպես պատիժ սահմանելով 50 մտրակի հարվածները:
Ընդհանուր առմամբ, վերջին 3 տարիների ընթացքում ԻՊ-ի առաջնորդի՝ տարբեր եղանակներով վնասազերծման վերաբերյալ տեղեկատվություն շրջանառվել է ավելի քան 1 տասնյակ անգամ. բոլոր դեպքերում ժամանակի ընթացքում լուրերը հերքվել են:
Ավելին, 2016թ. հունիսի 14-ին անգամ ահաբեկչական խմբավորման հետ ասոցացվող «ալ-Ամակ» լրատվական ռեսուրսը ևս հայտարարել էր ալ-Բաղդադիի մահվան մասին, ինչը ևս հերքվեց. այս վերջին տեղեկատվության թույլ կողմն էլ այն է, որ այն հրապարակվել է ընդամենը մեկ բնակավայրի մասշտաբով:
Այսուհանդերձ, ակնհայտ է այն իրողությունը, որ ԻՊ-ի դեմ միջազգային պայքարի՝ հանգուցային շրջափուլ տեղափոխվելու պայմաններում դրա առաջնորդի վնասազերծման մասին լուրերի կարևորությունն առաջնային է առավելապես հոգեբանական և քարոզչական տեսանկյունից, քանի որ նման՝ ահաբեկչական բնույթի համակարգային, ցանցային կառույցներում առաջնորդի դերակատարությունը, հատկապես «խմբավորման (խալիֆայության) անկման» ժամանակահատվածում, մեծամասամբ խորհրդանշական է, և դրա ազդեցությունը կառույցի ճակատագրի վրա ընդամենը ժամանակային էֆեկտ կարող է ունենալ, ոչ ավելին:

 

Արմեն Պետրոսյան