Մի անգամ անապատում երկու ընկեր վիճում են և մեկը մյուսին ապտակ է հասցնում: Վերջինս, ցավ զգալով, բայց ոչինչ չասելով, ավազի վրա գրում է. «Այսօր իմ ամենալավ ընկերն ինձ ապտակեց»:
Շարունակում են ճանապարհը, գտնում մի օազիս և որոշում լողալ: Նա, ով ապտակ էր հասցրել, փրկում է ընկերոջը խեղդվելուց: Երբ փրկված ընկերն ուշքի է գալիս, գրում է քարի վրա. «Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը»:

 

 


Նա, ով ապտակ էր հասցրել և փրկել էր ընկերոջ կյանքը, հարցնում է.
- Երբ քեզ ապտակեցի, դու ավազի վրա գրեցիր, իսկ հիմա քարի վրա: Ինչո՞ւ:
Ընկերը պատասխանում է. - Երբ մեզ նեղացնում են, պետք է ավազի վրա գրենք, որ քամին քշի, տանի։ Իսկ երբ մեզ լավություն են անում, պետք է քարի վրա գրենք, որ ոչ մի քամի չկարողանա ջնջել:

 

 

Վահե Ղազարյան