Մեր դարում նյութական ուժերի ներգործությունը համարյա անհաղթահարելի է. նրանք ճնշում ու խորտակում են հոգին: Զարհուրելի արագությամբ զարգանում ու բարդանում է մեր քաղաքակրթությունը, բազմապիսի ու փոփոխական են հասարակական կյանքի ձևերը, մեր անհաստատ, նրբացած և աղճատված երևակայության վրա խիստ այլազան ու անսպասելի են ազդում, օրինակ, այնպիսի գործոններ, ինչպիսիք են երկաթուղիները, ճեպընթաց գնացքները, փոստը, հեռագիրը և հեռախոսը, լրագիրը, մի խոսքով, մեր հասարակության մեջ գոյություն ունեցող հաղորդակցության ու կապի միջոցների ամբողջ մեխանիզմը:

 

Այս ամենն ամբողջությամբ վերցրած ստեղծում է կալեյդոսկոպիկ խայտաբղետություն, կուրացուցիչ, անկանոն կենսական ֆանտասմագորիա, որը հյուծում, բթացնում է սիրտը և ուղեղը: Այստեղից էլ՝ յուրատեսակ մտավոր հոգնածությունը, և ամեն մի օրը բազմապատկում է նրա զոհերի թիվը, ովքեր տառապում են անքնությամբ, մելամաղձությամբ կամ պարզապես խելագարվում են:

 

Ժամանակաից մարդու ուղեղը, ինչպես երևում է, ընդունակ չէ տեղավորելու, դասավորելու և պահպանելու ամեն օր նրա վրա տեղացող փաստերի ու տպավորությունների վիթխարի զանգվածը: Մենք չափից ավելի ակնառու ենք ապրում և արտաքին աշխարհից թաքնվելու տեղ չունենք: Մենք ստիպված ենք լինում խիստ շատ բան ընկալել: Ասես անծայրության իմաստությունը փորձում է իր համար ճանապարհ բացել դեպի նեղվածք գանգերը և տեղավորվել սահմանափակ ուղեղներում:

 

Լիլիթ Մարտիրոսյան