Մի աշնանային երեկո, երբ արդեն Քլայդի բանտարկության մի տարին լրանում էր և մոտենում էր մահապատիժը, նրան բերին մի նամակ: Նա վերցրեց այն իր ձեռքը: Թեև մեքենագրված էր ու չուներ ո՛չ թվական, ո՛չ ուղարկողի հասցեն (միան Նյու-Յորքի փոստի շտամպն էր վրան), նա բնազդաբար զգաց, որ Սոնդրայից է: Եվ միանգամից հուզվեց, նույնիսկ նամակը բռնող ձեռքը թեթևակի դողաց: Հետո կարդաց տոմսը և դրանից հետո օրեր անվերջ ընթերցում էր այն.

«Քլայդ, այս տողերը գրվում են նրա համար, որ դուք չկարծեք, թե իբր նա, ով մի ժամանակ թանկ էր ձեր համար, բոլորովին մոռացել է ձեզ: Նա էլ շատ տանջվեց: Եվ թեև նա երբեք չի հասկանա, թե դուք ինչպե՞ս կարող էիք անել այն, ինչ արել եք, այնուամենայնիվ հիմա էլ, թեև դուք նրա հետ այլևս չեք տեսնվի, նա խղճում է ձեզ և ցանկանում է ձեզ ազատություն և երջանկություն»:

Թեոդոր Դրայզեր «Ամերիկյան Ողբերգություն»