-Սիրո գեղեցկությունը, ջահելության հորդաբուխ հմայքը արյան մեջ հրդեհելով տենդային մի ծփանք, երգի պես հնչում էր նրա հոգում:
Ամերիկացի վիպասան և լրագրող Թեոդոր Դրայզերը ծնվել է 1871թ. օգոստոսի 27-ին: 14 տարեկանից սկսել է աշխատել: 1889–1890թթ. սովորել է Բլումինգտոնի համալսարանում: 1892թ.-ից աշխատել է Սենտ Լյուիսում, Չիկագոյում, Պիտսբուրգում, Նյու Յորքում լույս տեսնող մի շարք պարբերականներում:
1900թ. հրատարակվել է Դրայզերի առաջին՝ «Քույր Քերրի» վեպը, որը մեծ հռչակ է բերել գրողին: Վեպի գլխավոր հերոսուհին մեծ ողբերգություն է ապրում. փլուզվում են նրա՝ ազնիվ ճանապարհով փող վաստակելու, հասարակության մեջ արժանավայել ապրելու պատրանքները, որովհետև նյութապաշտ աշխարհի օրենքներն ու բարքերն այլ էին:
Դրայզերի երկրորդ վեպը՝ «Ջեննի Գերհարդը», լույս է տեսել 1911թ.: Այստեղ նույնպես սյուժետային հիմնական գիծն աշխատավոր ընտանիքից սերած աղջկա տառապանքների պատմությունն է: Ի հակադրություն Քերրիի՝ Ջեննին կարողանում է պահպանել հոգու մաքրությունն ու վեհությունը: Դառնալով նյութապաշտ աշխարհի զոհերից մեկը, կրելով անարգանք ու նվաստացում՝ նա չի վհատվում և հավատում է արդարության հաղթանակին:
Դրայզերի ռեալիստական արվեստի հետագա վերելքը պայմանավորված է «Ցանկության եռերգություն» գրքով, որը ներառում է «Ֆինանսիստը» (1912թ.), «Տիտան» (1913թ.) և «Ստոիկ» (1925թ.) վեպերը: Եռերգության հիմքում նյութապաշտ, գիշատիչ իրականությունն է, կապիտալի կուտակման անհատակ ծարավը, մոլի մրցավազքն ու մեքենայությունները:
1915թ. լույս է տեսել Դրայզերի «Հանճարը» վեպը, որի գլխավոր թեման արվեստագետի ճակատագիրն է ամերիկյան իրականության մեջ: Հանճարը Յուջին Վիտլան է՝ վեպի գլխավոր հերոսը' աստվածատուր շռայլ պարգևով օժտված նկարիչը: Յուջինի կերպարով Դրայզերը պատկերել է արվեստագետի ողբերգությունը կապիտալի տիրապետության պայմաններում:
Ինքնակենսագրական «Լրագրային օրեր» (1922թ., հայտնի է նաև «Գիրք իմ մասին» վերնագրով) գրքում Դրայզերը պատմում է իր ուսումնառության տարիների մասին, ըստ իր պատկերացումների' սահմանում է ռեալիզմի տեսությունը: Նրա ռեալիստական ստեղծագործության բարձրակետը «Ամերիկյան ողբերգություն» (1925թ.) վեպն է, որի հիմքում միսիոներական կազմակերպություններից մեկի ղեկավարի որդու՝ Քլայդ Գրիֆիտսի՝ գլխավոր հերոսի ողբերգական ճակատագիրն է: Դրայզերն առանց գունազարդումների պատկերել է իսկական Ամերիկան՝ իր հակասություններով, բարոյականությամբ, մարդկային սովորական հարաբերությունների բացակայությամբ, սոցիալական հակառակ բևեռներով: Ըստ Դրայզերի՝ Քլայդն ամերիկյան հասարակության զոհերից է:
Դրայզերի ռեալիստական մեթոդին բնորոշ է հերոսների կյանքի ու գործունեության պատկերումը սոցիալական լայն հենքի վրա' պատմական որոշակի միջավայրում: Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939– 1945թթ.) ժամանակ նա հանդես է եկել ֆաշիզմի դեմ, պաշտպանել ժողովուրդների հերոսական պայքարը:
Դրայզերը գրել է նաև «Շղթաներ» (1927թ.) և «Կանանց պատկերասրահ» (1929թ.) պատմվածքների ժողովածուները, «Պատվար» (հրատարակվել է 1946թ.) վեպը:
Դրայզերի գործերից հայերեն են թարգմանել Օլգա Սանահյանը, Վահե Միքայելյանը, Հարություն Հարությունյանը և ուրիշներ: Հայ թատրոնում բեմադրվել է նրա «Ամերիկյան ողբերգություն» վեպը (1950թ., Լենինականի դրամատիկական թատրոն):
Մարինա Գևորգյան