Հայ-հաբեշական հարաբերությունները հազարարամյակների պատմություն ունեն, ընդ որում դրանք գերազանցապես կրել են բարեկամական բնույթ։ Առաջին առնչությունների մասին հաղորդում է պատմահայրը. Խորենացին հայտնում է, որ հայոց Զարմայր Հայկազունի նահապետը հայկական ու եթովպական զորքերով մասնակցել է Տրոյական պատերազմին՝ օգնելով Տրոյայի թագավոր Պրիամոսին ( Ք.ա. 12-րդ դար): Աքսումի թագավորության շրջանում, Կարմիր ծովի ափին գտնվող հաբեշական Տիգրե մարզի Ադուլիս նավահանգստային քաղաքում մեծ էր հայ վաճառականների դերը տարանցիկ առեւտրի ոլորտում։ Հաբեշների երկրում հայերը քրիստոնեություն են տարածել եւ արժանանալով այդ հյուրընկալ ժողովրդի հարգանքին ու վստահությանը՝ հաստատվել են այնտեղ ու ապրել ազգային լիարժեք կյանքով։ 318 թ. հաբեշներն ընդունել են քրիստոնեություն։
Ռուս արեւելագետ, ակադեմիկոս Տուրաեւը գրում է, որ հաբեշներն ընդունում էին Երուսաղեմի հայոց պատրիարքության գերիշխանությունը։ Ավանդույթի համաձայն հաբեշ եկեղեցու աչքի ընկնող հիմնադիրներից Եւտաթեոսը, ում որոշ հեղինակներ վերագրում են հայկական ծագում, մահացել է Հայաստանում։ Արաբական արշավանքների շրջանում հազարավոր հայեր Ասորիքից, Պաղեստինից ու Եգիպտոսից գաղթել են Հաբեշստան։ Այստեղ նրանք ապրել են համախմբված, ունեցել են իրենց զորքը, դատարանը եւ ղեկավարվել իրենց իսկ սահմանած օրենքներով։ Երկրի առեւտուրը կենտրոնացած էր գերազանցապես հայերի ձեռքում։
Հայկական ու հաբեշական աղբյուրներում հայ համայնքն անվանվում է «հայկական կղզի»։ Հայերով բնակեցված տարածքը հանդիսանում էր երկրի ամենածաղկուն շրջանը։ Երկրի լավագույն հոգեւոր ու աշխարհիկ դպրեցները գտնվում էին «Հայկական կղզում», ուր ուսում եւ կրթություն էին ստանում հազարավոր հաբեշներ։ Հաբեշական Բայիդա-Մարիամի ժամանակագրության մեջ գրված է, որ «հայերն ապրում էին պատվով ու փառահեղությամբ»։ 1513 թ. Եթովպիայից Եւրոպա (Պորտուգալիա) մեկնած առաջին դեսպանը Մատթեւոս անունով հայ հոգեւորականն էր։ 1539 թ. Հաբեշստանի Լեբնա Դենգել թագավորը հաբեշներին հրամայում է «անվերապահ հետեւել հայերին եւ առաջնորդվել հայկական տոմարական հաշիվներով»։
XVII դարում խոսք է գնում եւս երկու հայ դեսպանների մասին։ Նրանցից մեկը՝ Մուրադ Հալեպցին, հանդիսացել է Հաբեշստանի դեսպանը Հնդկաստանում եւ Յասուս արքայի անձնական առեւտրական ներկայացուցիչը։ Մյուսը՝ Մուրադ Հայը, դեսպան է նշանակվել Ֆրանսիայում եւ ապրել Լուի XIV-ի արքունիքում։ XVII-XVIII դարերում սպիտակամորթ ժողովուրդներից միայն հայերն ու հույներն իրավունք ունեին մուտք գործել Հաբեշստան, ընդ որում վերջիններս կարիք ունեին հայերի հավանության ու թույլտվության։ Հիշյալ հարյուրամյակների ընթացքում երկրի պետական գանձապետարանը գտնվել է հայ իշխանների ձեռքում։ Հիշատակվում է ֆինանսների նախարար Սեֆել Արաբկիրցին, Հովհաննես Թովմաջանը, նրա որդի Պողոսը։ Հայերն են հաբեշներին սովորեցրել վառոդ պատրաստելու եւ բազմաթիվ այլ արհեստներ։ Տեղացիները հատուկ հարգանքով էին վերաբերվում հայերի կրոնական ավանդույթներին։
Հետաքրքիր կլինի իմանալ, որ հաբեշները Գրիգոր Լուսաավորչի տոնը նշում են տարեկան երեք անգամ։ XIX դարում Եթովպիայում հայերը պահպանում են իրենց դերն ու կշիռը կրթության, առեւտրի, ոսկերչության, բժշկության, ճարտարապետության, երաժշտության եւ այլ բնագավառներում։ Արքունի գանձապետի, երկրի գլխավոր ճարտարապետի, արքունի գլխավոր դեղագետի պաշտոններում, ինչպես նաեւ երկրի բարձրագույն սպայակազմում հաճախ ենք հանդիպում մեր հայրենակիցներին։ Արքունի նվագախմբի ղեկավար Գ. Նալբանդյանը դառնում է Եթովպիայի պետական հիմնի երաժշտության հեղինակը։ Աբդուլհամիդյան ջարդերից հետո հայկական համայնքը համալրվում է նոր գաղթականներով։ Այնուամենայնիվ, համայնքը գնալով նոսրանում էր, հազարավոր հայեր բռնում էին Եւրոպայի, Ամերիկայի ու Հնդկաստանի ճանապարհները։
Հայերը մեծ մասնակցություն են ունեցել 1935-ին իտալական ֆաշիզմի դեմ հաբեշ ժողովրդի պայքարում, երկրորդ աշխարհամարտի ժամանակ հանգանակություն են կազմակերպել «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան համար։ 1950-ականներին երբեմնի հարուստ համայնքում ապրում էր ընդամենը 1000 հայ։ Ներկայումս հայերի թիվը կրճատվել է 10 անգամ։ Նրանք բնակվում են մայրաքաղաք Ադիս Աբեբայում։
Լուսանկարում՝
1934 թ. կառուցված Ադիս Աբեբայի հայկական Ս.Գևորգ եկեղեցին
Հայե՛ր, գիտե՞ք, որ