Հայտնի է, որ Օսմանյան կայսրության ստեղծումից ի վեր երկու անգամ են լրջորեն սրվել թուրք-ֆրանսիական միջպետական հարաբերությունները. դա Նապոլեոնի կառավարման շրջանում գրանցված կարճատեւ հակամարտությունն էր եւ Առաջին աշխարհամարտի տարիներին երկու երկրների՝ հակամարտ խմբավորումներում միմյանց դեմ պատերազմական գործողությունները: Հարկ է նշել նաեւ, որ Ա աշխարհամարտի տարիներին Ֆրանսիան իր զինուժը հիմնականում կենտրոնացրել էր կայզերական Գերմանիայի դեմ եւ Մերձավոր Արեւելքում նրա զորքերը զգալիորեն զիջում էին անգլիական ուժերին:
Միջերկրականի ջրերում ու նեղուցներում նույնպես գերիշխում էր անգլիական նավատորմը:
XX դարասկզբին ֆրանսիական կապիտալը գերիշխող դիրք էր գրավում օսմանյան տնտեսության մեջ: Օտոմանյան պարտքի ավելի քան 60%-ը բաժին էր ընկնում Ֆրանսիային: Ֆրանս-թուրքական հարաբերությունները ընթանում էին բավականին խաղաղ, առանց քաղաքական խոր ճգնաժամերի եւ այն բազմապիսի արտոնությունները, որոնցից օգտվում էին ֆրանսիացիները Օսմանյան կայսրությունում, ձեռք էին բերվում ոչ թե ուժի, այլ հմուտ դիվանագիտության ու թուրքասիրական ճկուն քաղաքականության շնորհիվ: Իրավացի էր Գերմանիայում օսմանյան դեսպան Մուխտար փաշան, ով գրում էր, թե Ֆրանսիայի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ պայմանավորված է նրա դրամատերերի բուռն ցանկություններով:
Աբդուլհամիդյան մղձավանջի տարիներին Ֆրանսիայի թուրքասիրական քաղաքականությունը այնպիսի հակահայկական բնույթ ընդունեց, որ այդ երկրի կառավարությունը բացահայտ հանդես եկավ Համիդի ոճիրների պաշտպանությամբ, իսկ Ֆրանսիայի արտգործնախարար Գաբրիել Հանոտոն վաստակեց «Հանոտո փաշա» տիտղոսը: «Ֆրանսիան մահմեդականների կողմնակիցն է: Նա այդպիսին է ըստ ավանդության, իր մեծահոգի ձգտումներով ու հանուն իր շահերի պաշտպանության»,_ գրում էր հայտնի հրապարակախոս Ժակ Կայզերը:
Ֆրանսիացի հայտնի լրագրող Միշել Պայառեսը, որը Պոլսում ֆրանսերեն հրատարակվող «Բոսֆոր» թերթի խմբագիրն էր, իր գրքում (Le Ke'malisme devant les Allie's) մեջբերում է ֆրանսիացի բարձրաստիճան զինվորականների հետ ունեցած զրույցները, որոնք արտացոլում են Ֆրանսիայի թրքասիրական տրամադրությունները: Ահա նրանցից երկուսի խոստովանությունը. «Մենք պետք է լինենք ամբողջովին ու բացարձակորեն թուրքասեր, ես կասեի ավելին՝ թուրքամոլ... Լինենք խոհեմ ու գործարար»: «Անատոլիան իր ընդերքում հեքիաթային հարստություններ է պարունակում: Մենք դրանց շահագործման կոնցեսիաներ կստանանք եւ հսկայական նյութական օգուտներ կքաղենք... Մենք ո՛չ մի գնով չպետք է վտանգենք մեր շահերը՝ հայերի ու հույների գեղեցիկ աչքերի համար...»:
«Հաճախ են կրկնում, որ Ֆրանսիան մահմեդական տերություն է: Եւ դա ճիշտ է»,_ հայտարարում էր հայտնի քաղաքական գործիչ Էդուարդ Սուլիեն: Ֆրանսիայի պրիմիեր-մինիստր Արիստիդ Բրիանը քանիցս հայտարարել է, որ «Ֆրանսիայի ազգային շահն Արեւելքում պահանջում է վերականգնել հին, ավանդական քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ եւ հարկավոր է ամեն ինչ անել Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը պահպանելու համար»: «Թուրքիայի մասնատումը,_ գրում էր հայտնի լրագրող Է. Բեռնիեն,_ հավասարազոր է Մերձավոր Արեւելքում ֆրանսիական ազդեցության ոչնչացմանը»:
Եւ եթե Ֆրանսիան, այնուհանդերձ, մասնակցում էր Օսմանյան տարածքների մասնատմանը միտված քաղաքական գործընթացներին, ապա միայն այն պատճառով, որ որպես գաղութային խոշոր տերություն, ուղղակի չէր կարող հրաժարվել իր «պատառը» փախցնելուց: