1919 թ. ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Մարտի 21-ին Երեւան ժամանեց Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչ Խան Թեքինսկին, որը հաջորդ օրը այցելեց Էջմիածին ու հանդիպեց Ամենայն Հայոց կաթողիկոսին: Հայաստան ժամանելուն պես' հարեւան երկրի դեսպանը ձեռնամուխ եղավ մահմեդական խռովությունների կազմակերպման եւ ղեկավարման գործին: Բարեբախտաբար Հայաստանի արտգործնախարարությունը տեղյակ էր նրա ծածկագրին եւ Թեքինսկու Բաքու ուղարկած եւ այնտեղից ստացած բոլոր հեռագրերը հայտնի էին դառնում Հայաստանի կառավարությանը: Ստորեւ բերված են դեսպանի 1919 թ. Բաքու ուղարկած մի շարք հեռագրեր: Դրանք 1920 թ. հրատարակվել են Երեւանում:

Ապրիլի 29 - Եթե Նախիջեւանը դիմադրություն ցույց տա հայկական զորքերին, Բաքուն զորքեր կուղարկի՞ թեկուզ կամավորների անվան տակ:

Մայիսի 10 - Բոլշեւիկների կողմից Բաքվին վտանգ սպառնալը պատրվակ բռնեցեք եւ խնդրեցեք անգլիացիներին, որ Կարսի թնդանոթները փոխադրեն Բաքու:

Մայիսի 12 - Ես պարտական չեմ առանց ռոճիկի ծառայելու... Գործի օգուտը նկատի առնելով չպետք է սահմանափակեք իմ ծախսերը:

Հունիսի 22 - Թվում է, որ այժմ Ադրբեջանը Հայաստանից բացի այլ թշնամի չունի... Պետք է քրդերին քաշել մեր կողմը:

Օգոստոսի 1 - Հայկական գնդերը փախչում են կամ ոչնչանում... Պետք է անհապաղ պատերազմ հայտարարենք:

Օգոստոսի 3 - Անհրաժեշտ է մաքրել Զանգեզուրի հաշիվը եւ զորքերը առաջ քաշել մինչեւ Ղամարլու... Այժմ ամենահարմար ժամանակն է... Շատ եմ խնդրում, օգտվեք րոպեից եւ ժամանակ չկորցնեք:

ՀԳ - Օգոստոսի 4-ին վերջանում է Թեքինսկու դիվանագիտական-դավադրական գործունեությունը ՀՀ-ում: Նրան Երեւանից վտարում են եւ ի հատուցումն իր ծառայությունների' նշանակվում է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալի պաշտոնում: Խան Թեքինսկու փոխարեն Երեւան է ժամանում Ադրբեջանի նոր դեսպան Հախվերդովը, որն անշեղ շարունակում է նախորդի քաղաքականությունը: