Ուրախ եմ, որ այսուհետ օրվա ցանկացած ժամի երեխաները և առհասարակ քաղաքացիները կարող են հանգիստ զբոսնել իրենց համար հատկացված, արդեն շատ կոկիկ, լուսավոր և ապահով զբոսայգում՝ Կիրովի անվան մանկական զբոսայգում: Ինքս էլ հաճախ անցնելով զբոսայգու միջով կամ կողքով տեսնում եմ, թե ինչ խանդավառությամբ են այնտեղ վազվզում և խաղում երեխաները:

 

Ծնողներն այլևս մասամբ անհոգ կարող են նստել նստարաններին և չանհանգստանալ երեխաների գտնվելու վայրի՝ մաքրության, հիգիենայի և շատ այլ հարցերի համար: Մի քանի տարի առաջ, ոչ մեկ չէր կարող պատկերացնել թե որքան հաճելի, կանաչապատ և մաքուր կարող է լինել տվյալ զբոսայգին (առանց ավելորդ «բնակիչների»):

 

Երբ մի խումբ երիտասարդներով պայքարում էինք, որպեսզի զբոսայգին վերադարձվի երեխաներին և ստանա պատշաճ տեսք, շատերի կողմից միայն քննադատության էինք արժանանում և հաճախ նման արտահայտություններ լսում՝ ո՛չ մեկ չի կարողացել այդ հարցին լուծում տալ, զուր ժամանակ մի՛ վատնեք, դեռ տաքարյուն եք և այսպես շարունակ: Սակայն, երկարատև պայքարի և բարձրաձայնման արդյունքում այսօր ունենք դրական պատկեր, որի արձագանքները այդքան էլ բուռն չէին: Ինչևէ, այգին լուսավոր է, բարեկարգ, մաքուր, կահավորված է տեսախցիկներով և դարպասներով:

 


Ես ուրախությամբ եմ արձանագրում այն գեղեցիկ տեսարանը, որն առկա է զբոսայգում:

 

 

Մելինե Յավրյան