Շատ ուրախ եմ, որ մեր բազմաթիվ բարձրաձայնումներից, մի շարք ակցիաներից հետո, վերջապես Կիրովի անվան մանկական զբոսայգում և հարակից տարածքում տեղադրվեցին շուրջօրյա գործող տեսախցիկներ: Այս քայլը բավականին լուրջ դերակատարություն կունենա մանկական զբոսայգու՝ անվտանգությունը, մաքրությունը և այլասերված տարրերի գործունեությունը վերացնելու անհետաձգելի խնդրում: Մեր կառույցների բազմաթիվ երիտասարդներ տևական ժամանակ հերթապահություն են անցկացրել զբոսայգում և այսօր ունենք նկատելի արդյունք կապված այն հարցի հետ, որը բարձրաձայնվեց սկսված 2013 թվականի, նոյեմբերի 6-ից: Մենք ջանք և եռանդ չխնայելով պատրաստ էինք անընդհատ ուշադրության կենտրոնում պահել մանուկներին պատկանող զբոսայգում տեղի ունեցող անթույլատրելի և օրենքով արգելված գործունեությունը: Եվ այսօր, թե ակտիվ և մտահոգ երիտասարդների և թե քաղաքապետարանի կողմից կատարված աշխատանքի շնորհիվ ունենք շատ սպասված արդյունք, ինչը սակայն չի խանգարի, որպեսզի հետագայում նույնպես հետևողական լինենք այս և մյուս զբոսայգիների պատշաճ վիճակում գտնվելու հարցում: Մայիսին նույնպես սպասվում են նկատելի բարեփոխումներ, որոնց մասին անցյալ տարի հավաստիացրել է Կիրովի անվան մանկական զբոսայգու վարձակալը: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր անտարբեր չգտնվեցին այս խնդրի նկատմամբ և յուրաքանչյուրն իր հնարավորությունների և լիազորությունների սահմաններում օգնեց, որպեսզի մանկական զբոսայգում տեղ չգտնեն այլասերվածությունը և անբարո էակների գիշերային խրախճանքները:

 

Մելինե Յավրյան