“Եթե ճշմարտությունը այդքան տգեղ է – որ է—- ուրեմն մենք պետք է զգույշ լինենք ճշմարտությունը հաղորդելու ձեւի մեջ: Բայց ինչ որ պատճառով ասել, որ պետք է խուսափենք ճշմարտությունը ասելուց, որովհետեւ մարդիկ կարող են վատ ընդունել այն, տարօրինակ է թվում”:Չակ Սկորո, Սբ. Պողոս Կաթողիկե եկեղեցու սարկավագ

Ամեն անգամ, երբ զրուցում եմ քրիստոնյա ծանոթներիս հետ եւ մատնանշում “հին կտակարան”-ում գոյություն ունեցող բազմաթիվ անհեթեթությունները, անարդարությունները, բռնությունը, անհանդուրժողականությունը, անբարոյականությունները եւ անմարդկային անգթությամբ կատարված ոճիրները (բոլորն էլ վավերացված Եհովայի կողմից) ու հարց տալիս, թե ինչու է տակավին եկեղեցին պահպանում այդ գիրքը, որ համահունչ չէ հայ ազգի էությանը եւ նկարագրին, ստանում եմ մոտավորապես հետեւյալ պատասխանը. թե “հին կտակարան”-ը “մեզ” համար հեղինակություն չէ, պահպանվում է միայն այն պատճառով, որ այնտեղ գտնվում են “մեր տեր Հիսուս Քրիստոսի” մասին եղած մարգարեությունները, ըստ որում Հիսուսի ծննդից հարյուրավոր տարիներ առաջ Աստվածային հրաշքով մարգարեություններ կատարվեցին “Փրկչի” ծննդի մասին:

Արտաքինից դատելով' “հին կտակարան”-ում բազմաթիվ գրքեր կան, որոնք քրիստոնյաները մատնանշում են վկայակոչելու Հիսուսի մասին եղած մարգարեությունները: Քրիստոնյաները հաճախ պնդում են, որ “նոր կտակարան”-ում իրականացված “հին կտակարան”-ի ենթադրյալ մարգարեությունները անխոցելի ապացույց են ապահովում' փաստելու քրիստոնեական վարդապետության ճշմարտացիության մասին: Իրականում այդպես չէ: Ժամանակը ցույց է տվել, որ այս մռայլ մարգարեությունները լիովին դատարկաբանություններ են եւ չի գտնվել ոչ մի այսպես կոչված մարգարեության, իրականացում: Այդ ենթադրյալ մարգարեությունները նույնիսկ մարգարեություն չեն, այլ հատվածներ՝ առնված ենթատեքստից դուրս կրոնամոլների կողմից եւ մեկնաբանված հարմարացվելու քրիստոնեական դավանանքին՝ ինչ-ինչ շահերից ելնելով: Մինչդեռ երբ այսպես կոչված մարգարեական հատվածները' կարդանք ենթատեքստում, ապա անզեն աչքով էլ տեսանելի է, որ դրանք չեն վերաբերում Հիսուսին:

Նկատի առնելով, որ այդ մարգարեությունների մերկացումը խլելու է հսկայական տեղ եւ կարող է շեղել ընթերցողի ուշադրությունը, ես պիտի անդրադարնամ մեկին' ամենահայտնի եւ ամենաշատ գործածվող “մարգարեության”, որ գտնվում է մարգարեություն Եսայի կոչվող գրքում եւ որին էլ անդրադարձել է “Ավետարան ըստ Մատթէոս”-ի կոչվող գրքի հեղինակը:

“Ավետարան ըստ Մատթեոսի”-ն սկսում է հետեւյալ' 1Գիրք ազգաբանութեան Յիսուս Քրիստոսի՝ Դաւթի որդու, Աբրահամի որդու խոսքերով, ապա սկսվում է “ծնավ”ների շարք, մինչեւ հասնում ենք 16-րդ համարին, որտեղ կարդում ենք 16Յակոբը ծնեց Յովսէփին՝ Մարիամի մարդուն, որի նշանածն էր կոյս Մարիամը, որից ծնուեց Յիսուս, որ անուանուեց Քրիստոս, եւ 18-րդ համարում կարդում ենք 18Յիսուս Քրիստոսի ծնունդը այսպէս եղաւ. նրա մայրը՝ Մարիամը, որ Յովսէփի նշանածն էր, նախքան նրանց՝ իրար մօտենալը, Սուրբ Հոգուց յղիացած գտնուեց:

Եթե Հովսեփը Հիսուսի կենսաբանական հայրը չէր, բայց միայն Մարիամի ամուսինը, ինչպես Մատթէոսի 1:16-ն ու 1:18-ն են ասում, ուրեմն Մատթէոսի 1:1-16-ը չէ եւ չի կարող լինել Յիսուս Քրիստոսի ազգաբանությունը: Բայց եթե Հովսեփը Հիսուսի կենսաբանական հայրն է, ինչպես կիրառվում է ուրիշ տեղերում, այդ դեպքում կույսից ծնվելը հակասություն է:

Հետեւաբար Հիսուս չէր կարող սերած լինել Դավթից եւ միեւնույն ժամանակ ծնվել կույսից: Ամենակարեւորը, եթե Հիսուսը ծնվել էր կույսից եւ, հետեւաբար, չէր սերել Դավթից, այդ դեպքում Պետրոսի խոսքերը Գործք 2:29-30 սխալ են- 29Ով եղբայրներ, պէտք է վստահութեամբ ասել Դաւիթ նահապետի մասին, որ ե՛ւ մեռաւ, ե՛ւ թաղուեց, ու նրա գերեզմանը կայ մեր մէջ մինչեւ այսօր. 30բայց որովհետեւ նա մարգարէ էր եւ գիտէր, որ Աստուած նրան երդուելով խոստացաւ նրա որովայնի պտղից մէկին նստեցնել իր գահի վրայ:

Եթե Հիսուսը Աստծո որդին էր “Սուրբ Հոգի”-ի միջոցով, ինչպես գրված է Մատթէոսի 1:18-20-ում, ապա Հիսուսը կամ Քրիստոսը չէ, կամ էլ Եհովա Աստվածը սուտ երդում տվել էր Դավիթին: Կամ էլ Հիսուսը Հովսեփի որդին է, Դավթի որդին, Աբրահամի որդին եւ, հետեւաբար, կարող Է լինել “Քրիստոսը”, բայց այդ դեպքում, չի կարող լինել Աստծո որդին “Սուրբ Հոգի”-ից եւ ծնված լինել կույսից:

Չերկարացնենք ավելի եւ վերադառնանք մեր բուն թեմային՝ Հիսուսի ծննդի մասին եղած “մարգարեության”, որ հիմքն է “Ավետարան ըստ Մատթէոսի” կոչված գրքի, որի մասին կարդում ենք նույն գրքի առաջին գլխի 22-րդ եւ 23-րդ համարներում. 22Սակայն այս ամէնը եղաւ, որպէսզի կատարուի, ինչ որ Տիրոջ կողմից ասուել էր Եսայի մարգարէի բերանով. 23″Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ”:

Նույնիսկ առանց հղում անելու “հին կտակարան”-ին, արդեն կանգնում ենք մի խնդրի առաջ. Նրան չկոչեցին էմմանուէլ, այլ Եշուա, որ նշանակում է փրկություն, որ թարգմանվելով վերածվեց եւ եղավ Հիսուս: Այն փաստը, որ Էմմանուել նշանակում է Աստուած մեզ հետ, ոչինչ չի նշանակում, եբրայերենի, ինչպես նաեւ արաբերենի մեջ կան հարյուրավոր անուններ, որոնք ընդգրկում են աստված բառը ուղղակի կամ ներիմաստով: Ավելին, “Նոր կտակարան”-ում ոչ մի տեղ չենք հանդիպում, որ Հիսուսին դիմեն որպես Էմմանուել:

Լավ, ուղղվենք դեպի “հին կտակարան”, որտեղ գտնվում է այն հատվածը, որից օգտվել է “Ավետարան ըստ Մատթէոս”-ին, որը գտնվում է Եսայի գրքի 7-րդ գլխի 14-րդ համարում՝ “Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի”:

Ուրեմն, “Ավետարան ըստ Մատթեոս”-ի կոչվող գրքի հեղինակը, վերցնելով այս հատվածը “Մարգարեություն Եսայա” գրքից, մեկնաբանել է, որ խոսքը Հիսուսի եւ Մարիամի մասին է եւ հազար տարուց ավելի թութակի նման կրկնվում է քրիստոնյա աշխարհում:

Նախ անդրադառնալով բովանդակությանը' հարկ է նշել, որ “կույս” բառը թարգմանվել է եբրայերեն ալմահ բառից, որ նշանակում է “ջահել կին” եւ անպայման չի նշանակում կույս. ամենաճիշտ բառը նկարագրելու երբեւիցե սեռային հարաբերություն չունեցած աղջկան' բետուլա-ն է: Եթե Եսային ուզում էր, որ մենք հասկանաք, թե կույս մի աղջիկ երեխա էր ունենալու, իր տրամադրության տակ ուներ շատ ավելի հարմար բառ, նկատի առնելով նաեւ, որ այս եզակի դեպք էր լինելու բոլոր մարդկանց բոլոր ժամանակների համար. ինչպես կարող էր մարդկանց անորոշության մատնել եւ կասկածների տեղիք տալ: Ավելին, Եթե Աստված իրոք ուզում էր մարդկանց համոզել, որ Հիսուսը իսկականն է, եզակին, անկրկնելին, արդյո՞ք չԷր մղելու Եսայուն, որ լիներ ավելի հստակ' օգտագործելով ավելի դիպուկ բառ հաղորդելու մեծագույն մարգարեությունը:

Գալով ենթատեքստին' պատմությունը հետեւյալն է – Սիրիայի թագավորը եւ Իսրայելի թագավորը միասին սկսել են պատերազմ Հրեաստանի թագավոր Ահազի դեմ եւ իրենց բանակներով առաջանում են դեպի Երուսաղեմ:

Այստեղ փակագծերը բացելով ասեմ, որ Սողոմոնի մահից հետո, Հրեական պետությունը բաժանվեց 2 միապետությունների. մեկը կոչվում էր Հուդայի թագավորություն, որի մայրաքաղաքը Երուսաղեմն էր, իսկ մյուսը կոչվում էր Իսրայելի թագավորություն եւ որի մայրաքաղաքը Սամարիան էր: Հուդայի թագավորությունը հետեւում էր Դավիթի գծին, իսկ Իսրայելի թագավորությունը Սավուղի գծին, եւ այս 2 հակառակորդ միապետությունները հաճախ կատաղի պատերազմ էին մղում իրար դեմ:

Այս իրավիճակում Եսայի “մարգարեն” դիմում է Հրեաստանի թագավոր Ահազին եւ տիրոջ անունով հաղորդում, որ իր դեմ ելած այդ 2 թագավորները պիտի ձախողվեն: Եվ որպեսզի վստահեցնի Ահազին, որ այդպես է լինելու, ավելացնում է' “քեզ համար նշան խնդրիր քո Տէր Աստծուց”, Ահազը մերժում է ասելով. 12″Չեմ խնդրի եւ Տիրոջը չեմ փորձի”: Ինչին Եսայի Մարգարեն պատասխանում է. 14″Դրա համար էլ Տէրն ինքը ձեզ նշան է տալու: Ահա կոյսը պիտի յղիանայ ու որդի ծնի, եւ նրա անունը պիտի լինի Էմմանուէլ”: 16″Դրա համար մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը եւ ընտրի բարին, եւ այն երկիրը, որից դու վախենում ես, պիտի լքուի երկու թագաւորների պատճառով”:

Ահավասիկ նշանը եւ սահմանափակ ժամանակը խոստումի կատարման, որն է մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ : Ծաղրելի եւ անիմաստ վիրավորանք պիտի լիներ Եսայիի համար, եթե այդ նշանը (Ահա կոյսը պիտի յղիանայ ու որդի ծնի) որով Եսային Ահազին վստահեցնում էր, որ իր դեմ ելած նախահարձակ 2 թագավորները պիտի ձախողվեն, կատարվելու էր Ահազի մահվանից 700 տարի հետո…

Եսային, իր ուժերից վեր պարտավորության տակ մտնելով, եւ խուսափելու համար կեղծ մարգարե կոչվելուց, իր հետեւանքներով հանդերձ, ստիպված գործի լծվեց, որպեսզի նշանը երեւա: Վստահաբար, դժվար չէր որեւէ ժամանակ գտնել մի աղջիկ երեխայով, կարող է եւ մտքում կար մեկը, որովհետեւ չեմ ենթադրում, որ այն ժամանակ մարգարեները ավելի ազնիվ էին, քան այսօրվա կղերականները: Հաջորդ գլխի 2-րդ համարում կարդում ենք' 2 Ինձ համար վկաներ կը կարգես հաւատարիմ մարդկանց՝ Ուրիա քահանային եւ Բարաքիայի որդի Զաքարիայինե: 3Եւ ես մերձեցայ իմ մարգարէուհի կնոջը. նա յղիացաւ ու մի որդի ծնեց:

Ահավասիկ, ամբողջ պատմությունը այս երեխային եւ այս կույսին, եւ այս պատմության բացահայտ խեղաթյուրման եւ աղավաղման վրա է, որ “Ավետարան ըստ Մատթէոսի”-ի կոչված գրքի հեղինակը եւ կղերականների կեղտոտ ու անազնիվ շահերը հորինեցին մի տեսություն, որին կոչում են ավետարան, կիրառեցին այս պատմությունը, որպեսզի իմաստ տան այն մարդուն, որին կոչում են Հիսուս Քրիստոս, հոգուն դարձրին նրա հայրը, որին կոչում են սուրբ, մի կնգա միջոցով, որին կոչում են կույս, այս հիմար պատմությունից 700 տարի հետո:

Այս է ամբողջ պատմությունը “Մեր տեր Հիսուս Քրիստոս”-ի մասին եղած “մարգարեության”: Այս գրքի այս հատվածից ելնելով է, որ “Ավետարան ըստ Մատթէոս”-ի կոչվածը եւ մյուսները ստեղծեցին իրենց տեսությունը, որի առաջին զոհերը դարձանք մենք, որը շարունակվում է մինչ օրս: Սա ամենաստոր, ամենասարսափելի հանցագործությունն է, որ կատարված է մարդկության դեմ ընդհանրապես եւ հայ ազգի դեմ մասնավորապես: Ի վերջո մենք ենք, որ աշխարհով մեկ հպարտությամբ, բարձրաձայն եւ լիաթոք գոռում ենք, թե առաջինն ենք, որ ընդունել ենք քրիստոնեությունը, քրիստոնեության համար Ավարայրի ճակատամարտ ենք մղել… Իրականում սակայն հպարտության ոչ մի առիթ էլ չկա:

Քրիստոնեությունը մի գեղեցիկ երազի իրականացումը չէր, այլ' մեր մղձավանջը եւ դժբախտությունը, որ ի սկզբանե մահ եւ ավեր բերեց մեր գլխին:

Ես համոզված եմ, որ երկրորդ կարծիք չի կարող լինել այս հրեշավոր ստին: Որեւե մեկը, որ կարդա Եսայի 7-րդ եւ 8-րդ գլուխները, պիտի համոզվի, որ այդ հատվածը մարգարեություն չէ Հիսուս Քրիստոսի մասին: Համոզված կարող եմ շեշտել, որ մյուս բոլոր այսպես կոչված մարգարեություններն էլ ունենալու են նույն ճակատագիրը եւ հարմար առիթով կարող ենք անդրադառնալ… չնայած, որ կարիքը չկա' նկատի առնելով, որ մենք խոսում ենք Աստվածաշնչի մասին…:

Այո, ճշմարտությունը ցավացնում է, բայց մի կարճ ժամանակով, իսկ սուտը արդեն 1700 տարուց ավելի է…

“Հայ” քրիստոնյա եկեղեցին թող հերքի այստեղ նշվածը, իսկ եթե անկարող է, ապա պետք է սկսի ապաշխարության գործընթացը: Սկսելու համար իրենց խորհուրդ կտամ արգելք չդառնալ, որ օգոստոսի 11-ը դառնա Հայ ազգի ծննդյան Տոն եւ նշվի պետականորեն ու բոլոր մակարդակներով ամենուր' Հայաստանում եւ Սփյուռքում, ու անհապաղ դուրս գալ Միջեկեղեցական Էկումենիկ Ուղեգծից' հրաժարվելով բոլոր պարտավորություններից, որին ենթակա է եւ որի դառը պտուղները արդեն իսկ ճաշակում ենք աղանդների տեսքով, ինչպես նաեւ չեղյալ համարելով այն փաստաթուղթը, որով ճանաչում են մի այլազգի ընտրյալությունը եւ որի համար պայքարելու են…

Ավարտելու համար երեւի պետք է գոհացնեմ ուշադիր ընթերցողի հետաքրքրությունը, որ պիտի ցանկանա իմանալ, թե ինչպես ավարտվեց այդ պատերազմը, որ դրդապատճառն էր այդ “մարգարեության”: Այսպես կոչված Եսայի մարգարեի եւ իր Եհովա աստծո բախտը չբերեց ու, բնականաբար, հայտնի պատճառով այդ պատմության վերջամասը կարդում ենք ոչ թե Եսայու գրքում, այլ 2-րդ Մնացորդաց գրքի 28-րդ գլխում, որտեղ տեսնում ենք, որ փոխանակ այդ 2 թագավորները ձախողվեն, ինչպես Եսային ասել էր Տիրոջ անունով, հաջողեցին: Ահազ թագավորը պարտվեց եւ կործանվեց, իր մարդկանցից 120.000-ը կոտորվեցին, Երուսաղեմը թալանվեց, իսրայելցիները Հուդայի երկրի իրենց եղբայրներից գերեվարեցին երեք հարյուր հազար կին, տղաներ ու աղջիկներ եւ բազում ավար առնելով նրանցից՝ տարան Սամարիա…

Ռաֆֆի Պապիկյան
“Հայրենիք-Սփյուռք նախաձեռնության” ղեկավար

“Լուսանցք” Թիվ 131, դեկտեմբերի 25 – 31, 2009թ