Ես շատ եմ սիրում գրքեր, քան նյութական բոլոր արժեքները միասին վերցրած: ՈՒ ինչքան ինձ հիշում եմ` ես միշտ գիրք եմ կարդացել : Տարօրինակ նախասիրություններ ունեի. հիմա եմ դա հասկանում : Ընթերցանությունն ինձ համար բարձրագույն հաճույք է, դրա համար էլ անգամ ժամերով ընթերցանությունն ինձ երբեք չի հոգնեցնում: Գիշերներ եմ լուսացնում գրքերի վրա : Իմ մեծամեծ հարստությունը համարում եմ իմ գրքերը :Եթե ոչ ոք կողքիս չլինի, իմ մենությունը չեզոքացնում են գրքերը: Գրքերի աշխարհում երբեք մենակություն չեմ զգում:
Շփվում եմ գրքերի հետ, ինչպես կշփվեի կենդանի մարդկանց հետ . մտովի խոսում եմ հեղինակների, գրողների հերոսների հետ, որոնք շրջապատել են ինձ : Ամեն մի գիրք կարդալուց հետո իմ մեջ այն տպավորությունն է ստեղծվում , որ ես ապրում եմ իմ կարդացած հերոսներով : Որքան շատ եմ կարդում, այնքան կյանքը ինձ հետաքրքիր, առեղծվածային ու հաճելի է դառնում :Ժամանակին կարդացած լավ գիրքն ընդունակ է փոխելու կյանքը այնպես, ինչպես չեն կարող փոխել լավագույն դաստիարակը ու բարեկամը: Գիրքը լուսավորում է մարդուն և բացահայտում բնության գաղտնիքները: Գրքերում առանձնահատուկ հմայք կա թաքնված: Նրանք խոսում են մեզ հետ , բարի խորհուրդ են տալիս և դառնում մեզ համար կենդանի բարեկամներ:
ՈՒրախության և տխրության պահերին բացում եմ իմ սիրելի գրքերը և ընթերցում համապատասխան հատվածները , որոնք ինձ հանգստացնում են և բավականություն պատճառում :Շատ կցանկանայի ինչպես գրքերում զետեղված հերոսները, որոնք աջակցում են , կարեկցում են, ձեռք են մեկնում թույլին, տկարին ,անապահով ընտանիքներին , ուզում եմ հոգով և սրտով նմանվել այդպիսի մարդկանց, որոնք իրենց անձնվեր գործն են կատարում` մարդկանց պարգևելով ուրախություն : Գրքերը ունեն համամարդկային բովանդակություն , նշանակալից դեր մարդու կյանքում: Գրքերի միջոցով մարդն արժևորում է կյանքը մարդու ազնիվ ու վեհ ձգտումները , ձեռք բերում կյանքի նկատմամբ մեծ աշխարհահայացքներ, լայն ճանաչողություն :
Գրքերի միջոցով մենք զանազանում ենք բարին չարից , տարբերակում լավը վատից : Ինչքան բան են մեզ սովորեցնում գրքերը : Հաճախ լինում են պահեր, երբ հոգնում ենք առտնին, ամենօրյա հոգսերից, տեղափոխվում մտովի զարմանահրաշ մի ուրիշ աշխարհ, պարփակվում, ամփոփվում մեր ու միայն մեր սեփական ես ի հետ : Մեզանից յուրաքանչյուրն աշխարհն ընկալում է յուրովի և նույնքան յուրովի էլ արտացոլում դրանում կատարվողը :
Յուրաքանչյուրս ունենք մեր նվիրական ու գողտրիկ անկյունը, որտեղ առանձնանում ենք նույն այդ աշխարհից ու տրվում երազանքներին, ընկնում գրքերի մի աշխարհ. այն աշխարհը, որին ես ձգտում եմ, այդ աշխարհում իմ մտքերն ու գաղափարները ըմբոշխնում են հեռու, հեռավոր անդաստաններում, կիրճերում: Սա է այն աշխարհը , որին ձգտում եմ ես. իմ անհաս ու հաստափոր , ամրակազմ գրքերով լեցուն աշխարհը :
Տաթև Աբրահամյան