Կիպրական 2 պետությունների ղեկավարների օրերս արած հայտարարությունը լավ իմաստով լուրջ իրարանցում է առաջացրել միջազգային հանրության շրջանում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել վերսկսել բանակցությունները՝ կղզին դաշնային պետության մեջ միավորվելու շուրջ։ Սա շատ լուրջ սկիզբ է, և հուսանք, որ այն չի արժանանա Անանի 2004թ-ի ծրագրի ճակատագրին, որի ժամանակ կղզու հունական մասը դեմ արտահայտվեց միավորվել թուրքականի հետ, որը հանգեցրեց բանակցությունների երկարատև սառեցման: Միևնույն ժամանակ, եթե կողմերն արդեն իսկ համատեղ կոմյունիկե են ստորագրել հարցի կարգավորման շուրջ և արդեն առկա է ընդհանուր ըմբռնում, թերևս նշանակում է, որ նախկինում եղած հակասությունները հիմնականում չեզոքացվել են և ստեղծվել են նպաստավոր պայմաններ՝ հակամարտության վերջնական և երկարաժամկետ լուծման համար: Այսպիսով, եթե բանակցությունները հաջող անցնեն՝ տվյալ լուծումը կարող է դառնալ մոդել մի շարք այլ էթնիկ հակամարտությունների համար: Սակայն կարո՞ղ է այն արդյոք կիրառվել Արցախի հակամարտությունը կարգավորելու համար, թե ոչ: Կարծում եմ' ոչ, քանի որ առկա են մի շարք առանցքային տարբերություններ այս երկու հակամարտությունների միջև:

 

 

Նախ սկսենք նրանից, որ Կիպրոսն ինքն իրենով առանձին միավորում էր' միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտ, որի քաղաքականությունը չկիսելու պատճառով Թուրքիան պարզապես որոշեց ուղղակի ռազմական միջամտության միջոցով օկուպացնել կղզու մի մասը և արհեստականորեն ստեղծել միավորում, որը տվյալ գոտում կսպասարկեր իր շահերը: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային օրենսդրության և հիմնարար սկզբունքների շրջանակներում սեփական տարածքում, ինչպես նաև պատմականորեն իրեն պատկանող, նախկինում Ադրբեջանի կողմից օկուպացված, իսկ ներկայումս այդ օկուպացիայից ազատագրված տարածքներում պետություն է հռչակել և կայացել որպես միջազգային իրավունքի առայժմ չճանաչված սուբյեկտ։ Այս երկու հանգամանքները իրարից արմատապես տարբերվում են:

 

 

Երկրորդ' Ադրբեջանը 20-րդ դարի վերջում Արցախի' բոլոր առումներով արդարացի խաղաղ պահանջներին պատասխանեց էթնիկ զտումներով և ավերիչ պատերազմով, իսկ վերջին 20 տարիների ընթացքում մի ամբողջ ժողովրդի գաղափարախոսական հենքը դարձրեց հայատյացությունը: Այլ կերպ ասած, Միջազգային հանրության բոլոր կոչերին, որոնք ուղղված էին և առ այժմ էլ ուղղված են հակամարտող կողմերին, որպեսզի պատրաստեն իրենց ժողովուրդներին խաղաղության, Ադրբեջանը պատասխանեց ճիշտ հակառակ գործողություններով, իսկ դրա վերջին վառ ապացույցը եղավ սաֆարովյան դեպքը, երբ այդ մարդասպանի արտահանձնումից հետո նրան ոչ միայն արդարացրեցին, այլև դարձրեցին ազգային հերոս: Նման պայմաններում խոսել համատեղ ապրելու հնարավորության մասին, կարծում եմ, ավելորդ է:

 

Ցավոք սրտի, այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը պահանջում է դեռ երկար ժամանակ և ջանքեր, որպեսզի հնարավոր լինի խոսել համատեղ ապրելու հեռանկարի մասին: Այս տարբերակի մասին հնարավոր կլինի խոսել այն դեպքում, եթե Ադրբեջանի ղեկավարությունը կարողանա միավորել իր հասարակությանը ոչ թե հայատյացության գաղափարախոսական հենքի վրա, այլ ավելի քաղաքակիրթ և «ազգային արժեքների շուրջ» (եթե, իհարկե, դա հնարավոր է): Մյուս կողմից, սակայն, կարծում եմ, որ կիպրոսյան այս մոդելը ոչ միայն հնարավոր չի լինի կիրառել Արցախի, այլև ընդհանրապես ոչ մի հակամարտություն լուծման համար, քանի որ իմ խորին համոզմամբ, յուրաքանչյուր հակամարտություն պետք է լուծվի՝ հաշվի առնելով պատմական անցյալն ու յուրահատկությունները։

 

 

Վազգեն Ղազարյան