ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ. սեր, գիտելիք, իմացության բերկրանք

 

Գիտենք, որ Աստված կնոջը Ադամի կողից ստեղծեց, այսինքն՝ Ադամին կողակից ստեղծեց, որ միասին ընկողմանեն անկողին, լինեն իրար կողմնակից: Ի՞նչ կապ ունեն իրար հետ այս նախադասության մեջ գործածված կող, անկողին, կողակից, կողմնակից, ընկողմանել բառերը:
Գիտենք, որ անկողին նշանակում է «պառկելու և քնելու պարագաները» (վերմակ, ներքնակ, բարձ և այլն), ինչպես նաև՝ «ամուսինների քնելու տեղ», փոխաբերական առումով՝ «ամուսնական կապ, հարաբերություն»:
Իսկ ի՞նչ ծագում, ի՞նչ կազմություն ունի անկողին բառը: Արդյո՞ք բնիկ հայերեն բառ է:
Անզեն աչքով էլ անկողին բառի մեջ նկատում ենք կող բառը. պատահակա՞ն համընկնում է, թե՞ հենց կող բառն է անկողին բառի արմատը: Պարզվում է, որ անկողին բառը կազմված է կողն հնագույն արմատի սեռական կողին ձևից՝ վաղնջահայերենի ան (թեք հարթության վրայով, վրա) նախամասնիկով:
Իսկ ի՞նչ է նշանակում կող.


«1. Կրծքի վանդակը կազմող աղեղնաձև ոսկորները, 2. Մարդու իրանի աջ և ձախ մասերը՝ թիկունքից մինչև ազդրերը, 3. Մի տեղի կամ մի բանի մոտը և այլն»:
Կող բառից ունենք կողակից բառը՝ «ամուսին» նշանակությամբ՝ հատկապես կին ամուսինը: Սա էլ երևի գալիս է այն բանից, որ կինը (Եվան) ստեղծվել է մարդու (Ադամի) կողից, կամ էլ պառկել է (ի կող է եղել, կողնել է) Ադամի կողքին, այսինքն՝ կողին կից է, կողակից է:

 


Շատ հետաքրքիր է ի կողի մոռացված ձևը, որ նշանակում է «կռացած, մինչև կողը կորացած», ասենք՝ լվացվելիս: Կող բառից ունեցել ենք կողաքակ բառը, որ նշանակել է «կուսակցությունից բաժանված»: Նկատի ունենալով, որ հիմա կուսակցություններից բաժանվածներ շատ կան, կարելի է վերականգնել կողաքակ բառը. ասենք, «կողաքակ կուսակցականների հետագա վարքի համար կուսակցությունը պատասխանատու չէ»: Հիշենք, որ կողմ և կույս բառերը նույն բանն են նշանակում, և կուսակցությունը նույն կողմնակցությունն է: Այսինքն՝ կուսակցականները կողմնակից են իրար, բայց ոչ բոլորին, ոչ ամբողջ ժողովրդին:
Մի մոռացված բառ էլ կա՝ կազմված կողն բառի սեռականից. կողինավոր, որ նշանակում է «զրահապատ կող ունեցող»: Այս բառով հնարավոր է անվանել զրահամեքենաների տարատեսակներից որևէ մեկը: Կամ մարդու համար ասում են՝ կողը հաստ է, այսինքն՝ համառ է, ինքնասածի: Կարող ենք ասել, օրինակ, կողինավոր ղարաբաղցի::

 


Կող արմատից մն մասնիկով կազմված է կողմն բառը, որը նշանակում է «կողմ, գավառ, երկիր, կողքին, եզերքը» և այլն: Կողմն արմատից ունենք ընկողմանել «կողքի վրա ընկնել, մի կողքի վրա թիկն տալ, պառկել» բառը, որն, ըստ երևույթին, առաջացել է ընդ կողմանել ձևից, ինչպես ընկղմել բառը՝ ընդ մասնիկով կղմել ձևից:
Վերջում նշենք, որ անկողին բառն ունի մահիճ հոմանիշը, որն ավելի ուշ փոխառություն է արաբերեն մահիճ բառից, որն ունի «քնել, հանգստանալ» իմաստները: Թեև կա նաև այն կարծիքը, որ մահիճ բառը մահ բառից է և նշանակում է «մահ իջնել», կամ՝ մահ և նինջ բառերից:/ Սա ավելի մոտ է ժողովրդական ստուգաբանությանը:/
Այսինքն՝ անկողին մտնելուց առաջ մեկ-մեկ արժե հիշել, թե մեր նախահայրերը ինչպես են ստեղծել, պահել ու պահպանել մեր լեզուն, հասցրել մեզ և ավանդել, որ մենք էլ հասցնենք մեր սերունդներին: Եվ ոչ թե վայրենի հրճվանքով մոռանանք մեր լեզուն, արհամարհենք և օտարալեզվասեր դառնանք:
Հիշենք, որ ճիշտ է՝ քանի լեզու գիտես, այնքան մարդ ես, բայց, եթե չգիտես քո հայրերի լեզուն, չգիտես քո մայրենին, ապա քանի լեզու գիտես, այդքան մարդ չես: Խոսքս, մասնավորաբար, այն մտավորական կոչվածներին է վերաբերում, որոնք, ապրելով Հայաստանում երկար ու ձիգ տարիներ, նեղություն չեն կրում սովորելու իրենց մայրենին և հեռուստատեսությամբ հպարտորեն ասում են, թե իրենք ավելի ազատ են արտահայտվում օտար լեզվով, սակայն պակաս հայրենասեր չեն: Հիշենք Գարեգին Նժդեհի ասածը նման ստամտավորականների մասին. «Ողորմելի, փափկամարմին, ծույլ հայրենասիրություն, որ իր մայրենի լեզուն յուրացնելու ճիգն իսկ չի փորձում»:

ՎԱՍ