«Այդ օրերին Օգոստոս կայսրը հրապարակեց մի հրամանագիր' իր կայսրության սահմաններում գտնվող բնակիչների մարդահամար անցկացնելու: Այս առաջին մարդահամարը տեղի ունեցավ Ասորեստանի կառավարիչ Կյուրենիոսի օրերին» (Ղուկ. Բ 1): Ըստ Ղուկասի Ավետարանի սույն վկայության, Հիսուս ծնվել է առաջին մարդահամարի ժամանակ, երբ Նրա մայրը' Մարիամը, իր ամուսնու' Հովսեփի հետ Նազարեթ քաղաքից Բեթղեհեմ էր գնում' իրենց հայրենի քաղաքում արձանագրվելու համար:
Օկտավիանոս Օգոստոս կայսրն իշխել է Քա. 29 թվականից մինչեւ Քհ. 14 թվականը, իսկ Կյուրենիոսը երկու անգամ է եղել Պաղեստինի եւ Սիրիայի կառավարիչ, նախ' Քա. 6-4 թվականներին եւ ապա' Քա. 6-9 թվականներին: Նա երկու անգամ էլ մարդահամար է անցկացրել: Քանի որ Ղուկասը մասնավորապես շեշտում է առաջին մարդահամարը, ապա ենթադրվում է, որ Հիսուսի ծնունդը պետք է տեղի ունեցած լինի Քա. 6-4 թվականների միջեւ: Գիտնականների մեծամասնությունն այս առումով առավել հակված է ընդունելու Քա. 4 թվականը:
Հիսուսի մայրը' Մարիամը, շնորհալի կույս էր, որը նշանված էր Հովսեփ անունով մի բարեպաշտ մարդու հետ: Սակայն ամուսնությունից առաջ Մարիամը հղիացել էր Սուրբ Հոգուց: Այդ մասին նրան ավետել էր Աստծու հրեշտակը. «Մի° վախեցիր, Մարիա°մ, որովհետեւ դու արժանացար Աստծու շնորհին: Ահա դու կհղիանաս եւ կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի եւ Բարձրյալի Որդի կկոչվի [...] Նրա թագավորությունը վախճան չի ունենա» (Ղուկ. Ա 30-33): Այս մասին Հին Կտակարանում մարգարեները նախապես գրել էին. «Ահա կույսը պիտի հղիանա եւ մի որդի պիտի ծնի...» (Ես. Է 14), ու այդ նորածինը պետք է դառնա աշխարհի Փրկիչը:
Եվ Հիսուս ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում: Մայրը փաթաթեց նրան խանձարուրով եւ դրեց մսուրի մեջ, որովհետեւ իջեւանատանը իրենց համար տեղ չկար:
Մանուկ հասակում Հիսուսին տարան Եգիպտոս' Հրեաստանի Հերովդես արքայի հալածանքներից նրան հեռու պահելու համար, իսկ պատանի տարիքում, Հովսեփի եւ Մարիամի ուղեկցությամբ Նա վերադարձավ: Տեղեկություններ չկան այն մասին, թե ինչպե°ս եւ ի°նչ միջավայրում է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը: Հայտնի է միայն, որ Եգիպտոսից վերադառնալով, Հիսուս ծնողների հետ հաստատվեց Գալիլեա գավառի Նազարեթ քաղաքում: Այս պատճառով էլ հետագայում նրան կոչեցին Նազովրեցի:
Լևոն Մութաֆյան