Գնա՛, ինչու՞ ես հայացքով մոլոր
Նորից որոնում հետքերս կողքիդ,
Ինչու՞ չես հիշում խոսքերդ բոլոր,
Որ ծվատում էին քեզ կարոտ հոգիս…
Գնա՛, սիրելի՛ս, ուշ ես հասկացել,
Որ տունդ ես եմ, որ ես եմ միայն
Անքուն գիշերում քեզ համար լացել'
Գրկելով ստվերդ հուշերում սակայն…
Գնա՛, դու գիտե՞ս արժեքը սիրո,
Ու գիտե՞ս արդյոք դու գույնը նրա,
Որ հրավիրող հայացքներից քո
Խունացել է ծեր նկարի նման…
Դու գիտե՞ս արդյոք՝ ինչպես է հնչում,
Երբ “սիրում եմ քեզ” ասում են սրտանց,
Ինչպես է ձայնը թույլ ելևէջում,
Ու դողն է թեթև կլանում նրանց…
Գիտե՞ս դու արդյոք՝ ինչպես եմ սիրել,
Ինչու եմ սիրել քեզ, ինչի համար,
Ինչ երգերով ես դու հոգուս տիրել,
Ինչ գծերով ես ինձ եղել հարմար…
Հիմա իմացի՛ր, չգիտեիր հաստատ,
Սիրել եմ հենց քեզ՝ անհայտ պատճառով,
Ինչով եղել ես սրտիս հարազատ,
Չես բացատրի և ոչ մի բառով…
Հեռացի՛ր հիմա, գնա' դու անդարձ,
Երախտապարտ եմ այսուհետ ես քեզ,
Ու թեկուզ ինձ մոտ չունես վերադարձ,
Թող ինձ պես մի օր ուրիշին սիրես…

 

Տաթև Հովհաննիսյան