Բարև, որդիս: Այժմ երբ գիտեմ, որ դու մի փոքրիկ տղամարդ ես, ինձ մնում է պատկերացնել, թե ինչպիսի աչուկներ ու շրթունքներ կունենաս, ինչով կտարբերվես միլիոն ուրիշներից, ինչպես կծիծաղես ու ինչ կսիրես: Գիտես, որդիս, ես այս աշխարհում ամենից շատ քո երջանկությունն եմ ցանկանում: Ես իմ երջանկությունն եմ զոհել, որպեսզի դու լինես ու սիրես, լինես մարդ ու մեծանաս տղամարդ: Չլքես սիրելիներիդ, չկոտրես անծանոթներին, չստես, չգողանաս, չսպանես, չշնանաս: Ես կփորձեմ լինել լավ օրինակ, որպեսզի դու էլ իմանաս, որ աշխարհում, թեև շատ է կեղտն ու դավաճանությունը, դու միշտ կողքիդ կունենաս ինձ՝ քեզ աշխարհից շատ սիրող մայրիկիդ, ով սիրել է քեզ, երբ դեռ դու չկայիր: Գիտես, որդիս, այժմ ես այսքան ուժեղ եմ, որովհետև գիտեմ, որ կգա պահ, երբ կկարողանամ կողքիդ թույլ լինել: Ես ուզում եմ, որ դու լինես առողջ ու հաջողակ, հավատարիմ ու ողջախոհ, չթուլանաս երբեք, ծնկի չգաս դժվարությունների առջև, որովհետև դու տղամարդ ես: Դու կապացուցես ինձ, որ իսկական տղամարդիկ, հազվադեպ, բայց լինում են: Դու կլինես լավագույն տղամարդը, որին ես երբևէ հանդիպած կլինեմ: Եվ ես հպարտ կլինեմ, որ դու իմ որդին ես: Որդիս, փոքրիկս, եթե անգամ դու չլինես այնպիսին, ինչպիսին կուզեմ, ես, միևնույն է, կսիրեմ քեզ այնպես, ինչպես սիրում եմ այսօր, ինչպես կսիրեմ մեր հանդիպման առաջին օրն ու ինչպես կսիրեմ քեզ լքելու օրը: Անչափ սիրում ու սպասում եմ քեզ: