Ռուս հայտնի կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու հայկական առնչությունների մասին եղել են մի շարք հրապարակումներ: Հանրահայտ փաստ է, որ նա մտերմություն ու կապեր է ունեցել բազմաթիվ հայերի հետ: Հայտնի է նաև, որ Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտում ուսանելիս իր դիպլոմային աշխատանքի' «Գլդոնը և ջութակը» կարճամետրաժ ֆիլմի մի քանի դրվագներ 1960-ին նկարահանել է Երևանում' Լենինի հրապարակում: Միաժամանակ տեղեկություններ կան այն մասին, որ Տարկովսկին Հայաստան է այցելել նաև 1965-ին: Այդ օրերից հրաշքով պահպանվել են ինչպես վավերագրական կադրեր, այնպես էլ լուսանկարներ' արված Լևոն Աթոյանցի կողմից: Փոխարենը քիչ հայտնի է Տարկովսկու մեկ այլ' համեմատաբար ավելի երկարատև և գործնական ուղևորությունը մեր հանրապետություն: Այս անգամ առիթը ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի նոր ֆիլմն էր' «Հնձանը»: Բ. Հովհաննիսյանի և Տարկովսկու մտերմական կապերը մինչ այդ արդեն «ամրագրվել» էին ռուս ռեժիսորի երկու աշխատանքներում. Հովհաննիսյանը «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմում աշխատել էր իբրև ստաժոր-բեմադրիչ, իսկ «Սոլյարիսում» խաղացել էր էպիզոդային մի դեր: Եվ ահա 1972 թ, ձեռնամուխ լինելով իր առաջին կինոնկարի ստեղծմանը' Հովհաննիսյանը դիմում է փորձառու բեմադրիչին:tarkovsky-1

Անդրեյ Տարկովսկու օրագրերում պահպանվել են մի շարք գրառումեր, որոնք արժեքավոր տեղեկություններ են հաղորդում այդ օրերի մասին: Այսպես 1972-ի մարտին Տարկովսկին գրել է. «Եկավ Բագրատ Հովհաննիսյանը: Խնդրում է ինձ դառնալ իր ֆիլմի գեղարվեստական ղեկավարը, որը նկարահանվելու է Հ. Մաթևոսյանի սցենարի հիման վրա: Բոլորովին ցանկություն չկա»: Նկատենք սակայն, որ իրականում Տարկովսկին մինչ այդ լուրջ մասնակցություն էր ունեցել Հովհաննիսյանի համար դեբյուտային ֆիլմ նկարելու թույլտվություն ձեռք բերելու գործում և նույնիսկ նամակ էր գրել «Հայկինո»-ին: Այնպես որ, մերժումն ի սկզբանե բացառվում էր:

Կարդում ենք Տարկովսկու' մայիսի 7-ի օրագրային գրառումը. «Լարիսայի հետ եղանք Երևանում: Բագրատի գործերը մի տեսակ անորոշ են: Չի հասցնում նկարահանումները սկսել: Ինձ համար մի տեսակ ձանձրալի դարձավ հայերի հետ»:

Մինչդեռ այդ օրերի հիշողություններն այլ բան են ասում: Բագրատ Հովհաննիսյանի դուստրը' Նունեն պատմում է. «Նա եղել է մեր տանը, ես լավ եմ հիշում այդ օրը: Հայրս, նա և պապս' բոլորն էլ հարբած ու երջանիկ: Տարկովսկին նստել էր պապիս կողքին, ով ռուսերեն ոչ մի բառ չգիտեր, պապս անընդհատ ինչ-որ տեղից լավ օղի էր բերում, նրանք խմում ու գրկախառնվում էին»:tarkovsky-2

Հնարավոր է, որ Տարկովսկու ներքին լարվածությունն ու դժգոհությունը պայմանավորված էր իր նոր ֆիլմի ճակատագրով: Նա պատրաստվում էր մեկնել Կաննի կինոփառատոն, որտեղ ներկայացվելու էր վերջին աշխատանքը' «Սոլյարիսը», մինչդեռ այդ նախապատրաստական շրջանում հարկադրաբար եկել էր Երևան' մտքերով մնալով իր հոգսերի հետ:

Հունիսին, արդեն Կաննի փառատոնից վերադառնալուց հետո, Տարկովսկին վերստին անդրադառնում է հայաստանյան ուղևորությանը' օրագրում գրելով. «Լարիսայի հետ Հայաստանում եղանք' Բագրատի և Պրոպագանդայի բյուրոյի գործերով: Բագրատի մոտ ամեն ինչ այնքան էլ լավ չի: Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ նա ինքն էլ չգիտի, թե ինչ անի իր «Հնձանի» հետ: Տղան լավը չի, սցենարն ու երկխոսությունները պարզապես վատն են, բանի պետք չեն: Չգիտեմ, հո չէի՞ կարող ես նրանց մոտ հավերժ մնալ: Պրոպագանդայի բյուրոյում աշխատավարձի հարցով ոչինչ չստացվեց: Չնայած այն բանին, որ Ղուկասյանը մի քանի ամիս շարունակ պահանջում էր մեր այցելությունը, մենք ոչինչ չվաստակեցինք: Կամ մեզ խաբեցին, կամ նրանք ընդհանրապես աշխատել չգիտեն: Հայրյանի և Ռազմիկ Մադոյանի հետ մենք մեկնեցինք Զանգեզուր: Հիասքանչ վայրեր էին»:tarkovsky-3

Գևորգ Հայրյանը ՀԽՍՀ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախագահն էր, Մադոյանը' «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրենը: Ի դեպ, զանգեզուրյան ուղևորության մասին մի փոքրիկ դրվագ էլ պահպանվել է գրականագետ Լևոն Մկրտչյանի հիշողություններում, ով հավանաբար եղել է նույն խմբի հետ: Նա գրում է. «… Սիսիանից մենք մեկնեցինք Գորիս: Մոտ 15 կլիլոմետր անցնելուց հետո կանգ առանք այսպես կոչված «պորտաքարի» մոտ: Այս «պորտ» քարը լայնորեն հայտնի է Զանգեզուրում: Կանայք, ովքեր չեն կարողանում հղիանալ, պորտի կողմով պառկում են պսպղացող պորտաքարի ոչ մեծ ցցվածքի վրա, որն ասես փայլեցվել է հազարավոր կանանց որովայնի հպումից. պառկում են, և գործն արդեն եղած է: Անդրեյ Տարկովսկու կինը (նրանք արդեն մի քանի երեխաներ ունեին) ոչ այլ կերպ, քան չարաճճիություն անելու համար, պառկեց պորտաքարին:

- Քո ինչին է պետք: Մենք առանց դրա էլ այդ իմաստով խնդիրներ ունենք,- բացականչեց Անդրեյ Արսենևիչը»:

Պահպանվել են նաև Հրանտ Մաթևոսյանի հիշողություններն այդ օրերից. «Երևանում ցուցադրելու կապակցությամբ իրեն հրավիրել էին, ու ինքը հետը բերել էր «Սոլյարիսը»: Հրավիրեց իր նոր ֆիլմը դիտելու, բայց ես հենց նախորդ օրն էի նայել «Անդրեյ Ռուբլյովը» ու իրեն ասեցի , որ գիտակցաբար չեմ գա քո նոր ֆիլմը նայելու, որովհետև վախենում եմ «Ռուբլյովից» ստացած տպավորությունը մի քիչ աղարտվի, իմ մեջ ստեղծված քո կերպարը մի քիչ աղարտվի… Երևանում իր գտնված ժամանակները մենք, կարելի է ասել, մի քիչ ընկերացանք: Մի հանդիպում էլ մեր տանը եղավ: Երկար զրուցեցինք ու չնայած ես ինձ ոչ առանց հավակնությունների գրող էի համարում, այդուհանդերձ, էստեղ ես իր սովորական հանդիսատեսն էի ու երկրպագուն: Էդպես ես միշտ խոշոր տաղանդների առաջ դառնում եմ սովորական հանդիսական ու ընթերցող, խոր ակնածանքով եմ վերաբերվում: Մեր տան հանդիպումը իմ մեջ տպավորվել է որպես փոխըմբռնման ու փոխադարձ սիրո ցույց»:tarkovski-bagrat

Պետք է կարծել, որ «Հնձանի» գլխավոր դերակատարներից մեկի' Սոս Սարգսյանի հուշերը ևս վերաբերում են այդ օրերին: Ս. Սարգսյանը, ով նաև հրաշալի դերակատարում էր ունեցել «Սոլյարիսում», մի առիթով պատմել է, որ Երևանում Տարկովսկին ապրում էր «Անի» հյուրանոցում, և մի օր, երբ նկարահանում չկար, իրենք միասին իջել են Հրազդանի ձորը լողանալու: « Վերադարձին մեքենա չկար, ստիպված ոտքով քայլեցինք դեպի վեր: Հանկարծ նկատեցի դուրս ցցված հսկա տրամաչափի մի խողովակ, փրփրած, սպիտակած ջուրը հորդում էր ուղղակի: Նայեցի Անդրեյին, նայեց ինձ, սուս ու փուս իջանք, հանվեցինք ու մտանք ջրի տակ: Երանություն էր…»:

Տարկովսկու հայաստանյան հոգսերն ու շփումներն այսքանով դեռ չէին ավարտվելու:

Պահպանվել է նույն տարվա սեպտեմբերի 18-ի նրա օրագրային մեկ այլ գրառում, ուր ասվում է. «Զանգահարեց «Հայֆիլմից» Ռազմիկը: Խնդրում է Իտալիայից հետո գալ Բագրատի մոտ: Այնտեղ նա ինչ-որ անախորժություններ ունի: Ամեն դեպքում, նա այնքան էլ ընդունակ մարդ չի: Առանց երևակայության: Պետք է շտապ նրան ուղարկել Վահեի եզրափակիչ մենախոսությունը, այլապես նա լիովին ծանր դրության մեջ կընկնի»:

Նկատենք, որ «Հնձան» ֆիլմի և նրա ռեժիսորի հարցում Տարկովսկին ակնհայտորեն խտացնում էր գույները: Բագրատ Հովհաննիսյանի աշխատանքը, որ էկրան բարձրացավ 1973-ին, ոչ միայն լավ ստացվեց, այլև ջերմ ընդունելության արժանացավ: Իսկ երկու ռեժիսորների տարակարծությունները պետք է բացատրել նրանց ընկալումների տարբերությամբ: Ի վերջո, կինոյի աշխարհը նաև և առաջ անհատականությունների աշխարհ է, որտեղ յուրաքանչյուրը թողնում է իր ձեռագիրը, կերտում է արվեստագետի իր ճակատագիրը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ