ԳԻՇԵՐՆ ՈՒ ԴՈՒ
Մութը ծավալվում է ասես ծխի քուլա,
Գալար-գալար իջնում մեծ քաղաքի բեմին
Ու աստղերն են թարթում այդ պերճ բեմի վրա,
Հսկա լուսարձակներ' քո համերգի շեմին

Դու մթության ծխից դուրս ես գալիս մի պահ
Երկնի պատառները քո ճերմակ ուսերին
Ներշնչում ես հիացք, տենչանք ու ահ
Ստիպում անհույս ձգտել ոլորտներին վերին

Գիշերը ընկել է քո ոտքերի առջեւ
Քաղաքն է խոնարհվում քո հմայքին դաժան
Իսկ ես զուր փորձում եմ փրփուրներին կառչել
Ու նվիրել հոգիս'վաղուց բաժան-բաժան

Մութը ծավալվում է ասես ծխի քուլա,
Գալար-գալար փարվում քո մարմար ոտքերին
Ու աստղերն են մանյակ պարանոցիդ վրա,
Բախտը' քո աչքերի հիազարհուր գերին…

ՍՈՒՐԵՆ ՍԱՐՈՒՄՅԱՆ,
մայոր,
ԼՂՀ ՊԲ «Մարտիկ» թերթի գլխավոր խմբագիր