Կարծում եմ՝ բոլորի հետ պատահած կինի, երբ ինչ-որ շատ կարևոր տեղ շտապելիս, հակառակի պես, ամեն ինչ թարս է գնում, ասենք, հոսանքն անջատվում է, ու չեք կարողանում վարսահարդարիչով ձեր մազերը կարգի բերել: Հետո, հենց գործը մի կերպ գլուխ եք բերում, էլեկտրամատակարարումը վերականգնվում է, բայց այդ ժամանակ էլ պարզվում է, որ վերելակն է փչացել: Հևիհև աստիճաններով ցած եք սուրում ու… հենց ձեր քթի տակից բաց եք թողնում երթուղայինը, իսկ մյուսն էլ համառորեն ուշանում է: Տաքսի եք նստում, սա էլ բոլոր խաչմերուկներում կարմիր լույսին է դեմ ընկնում… Ու դուք անդադար մտքում կրկնում եք. «Ուշացա, ուշացա…»: Այսպիսի դեպքերում ասում են՝ սատանայի մատն է խառը: Իսկ ինչու՞ է այդ չարաբաստիկ մատը հենց այդպիսի ամենաանհարմար պահերի խառնվում…

Մտքի ուժը

Պարզվում է՝ պատճառը հենց դուք եք, ավելի ճիշտ, չուշանալու վրա սևեռված ձեր միտքը: Երևի գիտեք, որ մենք մեր ուղեղի հնարավորությունների միայն 5 տոկոսն ենք օգտագործում: Պատկերացնու՞մ եք՝ ինչերի կարելի էր հասնել 100%-ն օգտագործելու դեպքում… Բայց այս 5%-ն էլ բավարար է, որ կարողանանք մեր միտքը ղեկավարել:

Հնում այդ մասին գիտեին միայն իմաստունները, իսկ հիմա դա բոլորը գիտեն, նույնիսկ այդ մասին ֆիլմ կա, որը կոչվում է «Գաղտնիք»: Այնուամենայնիվ, թեմայի կարևորությունը նկատի ունենալով, կարծում եմ այս ֆիլմին անդրադառնալը և արծարծվող գաղափարների շուրջ ևս մեկ անգամ զրուցելն ավելորդ չի լինի, քանի որ եթե կարողանանք այդպես ապրել, ապա կլինենք հաջողակ, սիրված, երջանիկ, ուրախ, առողջ, հարուստ… Մի խոսքով՝ հիշատակված գաղտնիքը կարծես կախարդական փայտիկ լինի, որը ձեր ձեռքում հայտնվելով, կարող է փոխել ձեր կյանքի ընթացքը…

Բայց իրականում սա ոչ կախարդանք է, ոչ էլ միստիկա: Ինչպես նշվում է, սա կյանքի մեծագույն գաղտնիքն է, և այն հասկանալու համար պետք է հիշել ընդամենը ֆիզիկայի կարևորագույն օրենքը ձգողականության ուժի մասին: Կյանքում ամեն ինչ տեղի է ունենում բնության մեջ գործող այդ կարևորագույն օրենքի համաձայն:

Եվ մենք էլ դրանից դուրս չենք և ամեն ինչի վրա ազդում ենք մեր մտքի ուժով: Ու կարևորը ինչ-որ բան ցանկանալը կամ չցանկանալը չէ, այլ որևէ մտքի վրա կենտրոնանալը: Յուրաքանչյուր միտք որոշակի հաճախականությամբ էներգիայի ալիք է, և եթե այն պարբերաբար կրկվում է, վերջինիս մագնիսական իմպուլսն սկսում է իր գործն անել: Մի խոսքով՝ ամեն ինչ սկսվում է մտքից, որն աստիճանաբար ձև է ստանում: Ինչի մասին, որ մտածում եք, համապատասխան դաշտն էլ ստեղծվում է: Հիշեք հայտնի ասացվածքները՝ «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում՞ կամ «Քեֆ անողի քեֆը չի պակասի»: Երբ դուք մտածում եք, որ ամեն ինչ շատ վատ է, դուք գործն ավելի եք բարդացնում: Այսօրվա ձեր մտքերով դուք կերտում եք ձեր վաղվա օրը:

Չե՞ք նկատել, երբ առավոտյան մռայլ տրամադրությամբ եք արթնանում, ամբողջ օրն անհաջող է անցնում: Որովհետև տիեզերքը համապատասխանորեն ներդաշնակվում է այն երգին, որը դուք եք երգում: Դուք ձեր մտքերով ձեր կյանքն եք կառուցում, քանի որ մարդը մագնիսի է նման, որը դեպի իրեն է քաշում այն ամենը, ինչը համահունչ է իրեն: Ուրեմն՝ պետք է փոխել մտքերի ընթացքը: Երբ դրական զգացմունքներ եք ուղարկում, նույնպիսիք էլ ստանում եք: Հետևաբար, երբ մռայլ մտքերը սկսում են գերիշխել, կանգնեցրեք դրանց ընթացքը և որևէ լավ բան հիշեք, հաճելի երաժշտություն միացրեք:

Վերը նշված ֆիլմում հիշատակվում է Ալադինի ու Ջինի պատմությունը: Ալադինը վերցնում է լամպը, փոշին սրբում ու հայտնում իր ցանկությունը: Եվ Ջինը միշտ նույնն է կրկնում. «Լսում եմ և հնազանդվում»: Դուք Ալադինն եք, իսկ Ջինը՝ տիեզերքը: Տիեզերքին պետք է հաղորդել, թե ինչ եք ուզում: Կարող եք թղթի վրա գրել ձեր պատվեր-ցանկությունը: Այսպիսով՝ առաջին քայլը մտքի կենտրոնացումն ու դրա պարբերաբար կրկնումն է, իսկ երկրորդը՝ դրան հավատալը: Եվ տիեզերքը սկսում է վերադասավորվել ձեր տրամադրությանը համապատասխան:

Կասկածները հիասթափություն են ծնում: Դրանք փոխարինեք հավատով: Դուք ինքներդ ձեզ այնպե՞ս ես վերաբերվում, ինչպես կցանկանայիք, որ ուրիշները վերաբերվեին: Մեկընդմիշտ հիշեք, որ որ ոչ մեկը պարտավոր չէ ձեզ համար ինչ-որ բան անել: Դուք ինքներդ պետք է ձեզ տաք այն ամենը, ինչի ձգտում եք: Ձեր խնդիրը ոչ թե աշխարհն ու մարդկանց փոխելն է, այլ շրջապատին ներդաշնակվելն ու ու կյանքից հաճույք ստանալը:

Մեզնից յուրաքանչյուրն անսահման հնարավորություններ ու շնորհներ ունի, իսկ տիեզերքի պաշարներն էլ անսպառ են ու բավական են բոլորին: Պետք չէ հավատալ մարդկային բանականության կողմից հորինված այն ստին, որ ամեն ինչ քչանում է: Դրա էությունն այն է, որ ամեն ինչ բոլորին չի կարող բավականացնել: Հենց այդ մտքից են ծնվում նախանձը, խանդը, չարությունը, ագահությունը: Հիշեք, որ կյանքն էներգիայի վրա է հիմնված, որն ամենուր է ու անսպառ: Ի տարբերություն բջիջների ու ատոմների, այն չի տրոհվում: Այն նաև չի ոչնչանում, պարզապես մի ձևից փոխակերպվում է մեկ այլ ձևի: Այն միշտ եղել է, կա ու կլինի: Ողջ տիեզերքում ամեն ինչ փոխկապակցված է և գործում է միևնույն էներգետիկ դաշտում, որտեղ մենք նույնպես մեր էներգետիկ դաշտով փոխազդեցությունների մեջ ենք մտնում և կարող ենք կառուցել մեր աշխարհը:

շարունակությունն ԱՅՍՏԵՂ