(Ընկերոջս պատմածը)

Սովորում էի չորրորդ դասարանում։ Իններորդցի եղբայրս սիրահարվել էր մեկին։ Իմ կարծիքով, նա մի երևելի բան չէր, բայց, չգիտեմ ինչու, եղբայրս խելքը թռցնում էր այդ աղջկա համար։ Նրան տեսնելիս լոլիկի պես կարմրում էր և կորցնում խոսելու ընդունակությունը։

Եվ մի օր էլ լուսանկարչական իր ապարատը տվեց ինձ ու խնդրեց կադրերն օգտագործել միայն նրան նկարելու համար։
- Չէ՜ մի,- ասացի,- նա ո՞վ է, որ ամբողջ օրը ետևից քարշ գամ։ Ուզում եմ ընկերներիս էլ նկարել։

- Քո գործը չի,- եղբայրս այնպես նայեց ինձ, որ հասկացա՝ այդ պահին առարկելն իմաստ չուներ։- Եթե բոլոր կադրերը լավ ստացվեն, քեզ համար ամեն օր պաղպաղակ եմ գնելու,- իմ հետևից հայտարարեց նա։
Ես, իհարկե, կատարեցի եղբորս խնդրանքը և երեկոյան կողմ նրան վերադարձրի լուսանկարչական ապարատը։

Ողջ օրը ասես այդ պահին էր սպասում։ Երկյուղածությամբ, ինչպես սուրբ մասունք, սկզբում հանեց ժապավենը, հետո ամենայն բծախնդրությամբ ձեռնամուխ եղավ այն երևակելու արարողությանը։ Մի կողմ քաշված, հրճվանքով հետևում էի նրա շարժումներին։ Նա այնպես էր քրտնել, ասես, կատարելիս լիներ աշխարհում ամենակարևոր գործը...
Վերջապես հանեց ժապավենը, խնամքով կախեց լվացքաթոկից և, աչքերը չռած, կադր առ կադր սկսեց նայել իր գեղեցկուհու համայնապատկերին։ Կաս-կարմիր կտրած նրա դեմքը աստիճանաբար սկսեց կապտել ու մռայլվել։ Վզի երակները կամաց-կամաց սկսեցին ուռչել։ Նախազգուշության համար, համենայն դեպս, մի քանի քայլ ետ քաշվեցի։

Եղբայրս ոռնոցի պես ինչ-որ ձայն արձակեց, ձեռքի ժապավենը մի կողմ նետեց և կատաղած ընկավ իմ հետևից։ Ես արդեն սպասում էի դրան և այնպես պուկ եկա, որ եթե որսի շուն էլ արձակեր հետևիցս, հազիվ կարողանային ինձ բռնել։ Մինչև գյուղի ծայրը իմ հետևից վազելուց հետո նա անզոր մեկնվեց ճանապարհին և սկսեց կատաղածի պես թավալվել։
Հեռվում մի ապահով տեղ թաքնվելով, ես լսում էի նրա ձայնը.
- Ապու՛շ... անասո՛ւն, դու միայն ոտքերն ես նկարել... Գոնե մի կադր դեմքը նկարեիր, բարբարոսի մեկը...
- Է՜յ, էդ չղջիկի համար ի՞նչ ես ձայնդ գլուխդ գցել,- իմ թաքստոցից բղավեցի ես։- Դե նրա մոտ ամենագեղեցիկը ոտքերն էին, ես էլ ոտքերն եմ նկարել։ Եվ հետո՝ քեզ մի քիչ տղամարդու պես պահիր... Պա՜հ, դմբո սիրահա՜ր...

Երկու տարի հետո եղբայրս նշանվեց, բայց չհասցրեց ամուսնանալ. նահատակվեց Մարտակերտի ազատագրության ժամանակ։
Տարիներ անցան։ Ես էլ սիրահարվեցի, և երբ առաջին անգամ, լուսանկարչական ապարատը ձեռքիս, պատրաստվում էի լուսանկարել ինձ համար աշխարհի ամենալավ աղջկան, հանկարծ հիշեցի հեռավոր այն օրն ու եղբորս առաջին և վերջին սե՜րը...
Երեկոյան, երբ եղբորս պես երկյուղածությամբ երևակում էի լուսանկարչական ժապավենը, ամեն ինչ կտայի, որ Այն օրը նորից կրկնվեր, և ես ուղղեի իմ սխալը...
1996 թ.