Գրողների միության լուսահոգի նախագահ և իմ լավ ու հին ընկեր ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻ շիրմաթմբի վրա ծաղիկները դեռ չեն չորացել, բայց ահա սկիզբ են առել նոր նախագահի ,,որոնման,, աշխատանքները: Եվ, զարմանալին այն է, որ ոչ թե գրական համքարության անդամներն են խիստ մտահոգված այս խնդրով, այլ՝ լրատվամիջոցները: Հավանաբար՝ ինտրիգներ են որոնվում: Այսօր ինձ հայտնի դարձավ, որ մի խումբ իմ գրչակից ընկերներ դիմել են բանաստեղծ, ՀՀ մշակույթի նախկին նախարար ՀՈՎԻԿ ՀՈՎԵՅԱՆԻՆ՝ առաջադրելու իր թեկնածությունը ՀԳՄ նախագահի պաշտոնում... Ինձ շատ ուրախացրեց Հովիկ Հովեյանի բարոյական և ազնիվ պատասխանն իր գրչընկերներին... Իմ և Հովիկ Հովեյանի հարաբերությունները չափազանց սրված էին մի ժամանակ, հիմա էլ իրար չենք բարևում, իսկ այդ ամենի հիմքում ժամանակին մեր երկուսի պաշտոնավարումն էր ,,Օրինաց երկիր,, կուսակցության ,,քվոտայով,,. նա՝ որպես մշակույթի նախարար, ես՝ որպես ,,Օրինաց երկիր,, պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ... Կուսակցության պատգամավոր անդամներից մեկի, որը հիմա Հայաստանի խոշորագույն համայնքներից մեկի ղեկավարն է, անազնիվ խաղերն էին երկուսիս հանել իրար դեմ... Ուրեմն, ես և Հովիկ Հովեյանը բարեկամներ չենք, բայց գնահատում եմ նրա ազնիվ կեցվածքը: Գիտեմ, որ այս օրերին ուրիշ իմ գրչակիցների ևս կամ դիմել են, կամ նրանց անունները դրել են շրջանառության մեջ՝ Էդուարդ Միլիտոնյան, Դավիթ Մուրադյան, Կարինե Խոդիկյան, Հրաչյա Սարուխան...
Իբրև Գրողների միության անդամ, ես տակավին չեմ մտածում այն մասին, թե ով է գլխավորելու մեր հասարակական կազմակերպությունը, բայց եթե ժամանակը գա՝ կկողմնորոշվեմ, կուզենամ, որպեսզի կազմակերպությունը ղեկավարի մի մարդ, որն ունի պետական մտածողություն և հարգանք ստեղծագործողների նկատմամբ, կարող է իշխանությունների մոտ ըստ պատշաճի ներկայացնել մեր միությունը՝ վերջապես գրողի ու մտավորականի հանդեպ պետական հոգածություն և մեծագույն հարգանք ձևավորելու հարցում...
Իսկ առայժմ թախանձագին խնդրում եմ լրագրողներին. մենք լավ ընկեր ենք կորցրել, գրական կազմակերպության լավ ղեկավար, որին ճանաչում և հարգում էին ինչպես ԱՊՀ շրջանակներում, այնպես էլ աշխարհի բազմաթիվ երկրներում: Թողեք դեռ փորձենք համակերպվել թանկ ու հարազատ կորստի հետ: Իսկ մեր միության նախագահ մենք կընտրենք, փառք Աստծո, թվարկված բոլոր գրողներն էլ անվանի ու արժանավոր մարդիկ են...