Մեծարգո տիկին Եվա,
Դուք իմ լավ բարեկամի ու ընկերոջ կինն եք, ես երբեմն հիացել եմ Ձեր դատավարական ճշմարիտ կեցվածքով, ուրախացել, որ ունենք փորձառու և հմուտ դատավոր: Սակայն, անկեղծ ասած, մեծ հիասթափություն ապրեցի, երբ Դուք մերժեցիք բառացիորեն անմեղ և հանիրավի ամբաստանված ՏԻԳՐԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ազատ արձակելու մասին միջնորդությունները... Ոմանք, թքելով արդարադատության դեմքին, անմեղ են ճանաչում Լիսկա Խաչատրյանի մարդասպան որդուն ու Լիսկայի Զարզանդին, իսկ Դուք մերժում եք ազատ արձակել մի երիտասարդի, որի գլխավոր մեղքն իր ազնվությունն ու շիտակությունն է... Մտահոգությունն է մեր երկրի համար...
Խնդրում եմ որպես բարեկամ ու ընկեր, որպես հայ մարդ ու մտավորական, մի՛ ենթարկվեք ռեժիմի պահանջներին, մի՛ փակեք ճանապարհը մի երիտասարդի, որը դեռ նոր պիտի քայլի իր երազանքի ընթացքով: Տիգրան Առաքելյանը այն հրաշալի երիտասարդներից է, որոնցով պիտի հպարտանալ, ուրախանալ, որ ունեն ազնիվ ու անճառ հայրենասիրություն...
Որոշում կայացնելիս՝ առաջնորդվեք օրենքի ու ազնվության, խղճի ու մայրական գորովի պահանջներով, պատկերացրեք, թե Ձեր զավակն է Տիգրան Առաքելյանի փոխարեն... Պատկերացրեք, թե Դուք եք Տիգրան Առաքելյանի մայրը...
Ես Ձեզանից ողորմություն չեմ խնդրում Տիգրան Առաքելյանի համար: Ուզում եմ, որ իմ ընկերոջ ընտանիքի հասցեին նզովք ու անեծք չհնչի...
Ձեր բարեկամ՝ ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ
հայ մտավորական ու հայ ծնող