07:42
Վասակ Դարբինյան. «Վանոհի հետ և առանց Վանոյի». «Մենք, այսինքն, կարծես հասկացել էինք՝ ով ենք ու որտեղից ենք գալիս, բայց չգիտեինք՝ ուր ենք գնում»

Այս գրքում գուցե գտնեք պատասխանները, թե ով ենք մենք և որտեղից ենք գալիս և փորձեք հասկանալ, թե ուր կարող է հասցնել արդարության ու ազատության ձգտումը:

«…Կինո «Նաիրիի» մատույցներում 70-ականներից եղանակ ստեղծողների սերունդը, որքան էլ նրանց հասցեին քննադատություններ հնչեին, որքան էլ նրանցից շատերը մերժված լինեին կոմունիստական անկոտրում գաղափարախոսության ճակատին բախվելով, անցած մեկուկես-երկու տասնամյակներում իրենց ծանրակշիռ ներկայությունն էին ապահովել երկրում:

 

Հասարակության մեջ որոշակի դիրք, ճանաչում, համբավ ունեցող անհատները, մեծ հավակնությունների տեր և կամ կարևոր առաքելություն ստանձնած մարդիկ ինչ-որ պահի հայտնվում են վճռական քայլ անելու շեմին: Ոմանք անում են այդ քայլը, ոմանք՝ ոչ: Ոմանք հաշվարկում են հետևանքները, ոմանք էլ դա համարում են ավելորդ և առաջնորդվում պահի թելադրանքով: Անվճռականները, սպասողականները, զգուշավորները հապաղում են և ոչ մի տեղից գնում են մեկ այլ ոչ մի տեղ, մինչդեռ նորարարները, առաջամարտիկները, ստեղծագործողները գիտակցում են, որ հենց այդ քայլն է տանելու փոփոխությունների… Այսօրինակ իրավիճակների հմայքը միախառնված է վտանգավորությանը, և հաճախ հավասարաչափ հավանական են թե՛ հաջողությունն ու ձեռքբերումը, թե ձախողումն ու կորուստը… Խոսքը հեղափոխականների և պահպանողականների մասին չէ, այլ առաջնորդների և հետևորդների:

Կարծում եմ՝ այս տրամաբանությամբ էր, որ 1987 թվականին Հայաստանի գրողների միության պլենումում առանձնացավ ամեն ինչ հիմնահատակ փոխելու հավակնություն ունեցողների մի խումբ և չափազանց սուր ելույթներով ի ցույց դրեց ոչ միայն գրական միջավայրի կեղծիքը, այլև խորհրդային երկրի ավազակաբարո բնույթը: Ամենասուր և ամենադիպուկ ելույթն ունեցավ Վանո Սիրադեղյանը: Եվ նրա այդ ելույթը բավական էր, որ ավագ սերնդի նոմենկլատուրային շերտը ավելի թշնամանար նրա հետ, ու երիտասարդ սերնդի մեջ ավելի աճեր նրա հեղինակությունը:

Այդ օրերին մենք դեռ չգիտեինք, թե ինչ իրադարձություններ են սպասվում աչք թարթելու չափ կարճ ժամանակ անց, փոխելով մեր կյանքի ընթացքը և կանգնեցնելով յուրաքանչյուրիս վճռական քայլեր անելու շեմին:

Մենք, այսինքն, կարծես հասկացել էինք՝ ով ենք ու որտեղից ենք գալիս, բայց չգիտեինք՝ ուր ենք գնում:

Երբեք չես կարող ասել, թե ուր կհասցնի ազատության և արդարության ձգտումը»:

Հատված«Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի առաջին գլխի նախաբանից:


Առաջարկում ենք նաև
Լրահոս