Քաղաքի փնտրտուքը
Անցած տարին, որ նահանջ էր
(Իսկականից որ նահանջ էր...)
Ու գարունն էլ՝ ուշացած,
Իսկ օրերն էլ՝ գորշացած,
Ու ծառերը՝ մորե մերկ,
Ու աստղերը՝ դարձած ցին,
Եւ ցերեկն էլ հանց գիշեր,
Ու արևն էլ խորթացած՝
Մթնում թաքուն շունչ պահած,
Ինձ ուղղեց հոգնած իր ծոցը,
Որ ջերմում էր, բայց տ'ջերմ էր,
Որ շնչում էր բայց անկիրք էր,
Ու ես սառած- կարկամած
Անտարակույս' խիստ հոգնած,
Ելա փողոց'....
Գտա քաղաքս'- մեռած:
Ուզեցի սփոփեմ սրտերը,
Փնտրեցի թողած հուշերս,
Փորձեցի գտնեմ նորից
Իմ հետքերն ու իմ խակ սերը
Անցած դարում կորցրած:
Բայց անիմաստ ու անհույս էր,
Ու տարին էլ որ նահանջ էր
Փողոցում էլ ճիշտ' նահանջ էր,
Ու Սոդոմ էր ու Գոմոր
Դարձել քաղաքն իմ տկլոր:
Արդ հասկացա, որ անհույս է,
Փնտրտուքն էլ ախըր՝ գույժ է
Բայց փնտրեցի...եւ գտա
ցնցոտիներն իմ հագի'-
հույժ հաջորդ դարում հագած:
Ձեռքս առա իմ հին ցուպը,
Տրտում էր իմ հանդերձանքը
Գնացի, դեպի լույս' հույսը....
Հասկացա, որ արդեն անհույս է
Փնտրել քաղաքում մեռած
Հարազատ մարդիկ կամ հաց:
..................................................
Քաղաքը, որ վաղուց մեռել էր,
Իմ արդեն վերջին մեռելն էր։
"Քաղաքը" շարքից
Քաղաքն ինձանից ծածուկ հեռացավ,
Թողեց ինձ ցամքած իր ստվերի մեջ,
Տխուր է,
մութ է,
մայրամուտը' ցուրտ,
Կյանքը դառնահամ- ոնց որ օրամուտ:
Քաղաքն ինձանից հեռացավ ծածուկ,
Ինձ թողեց անտեր շներին բաժին,
Մեկն էլ չմնաց, որ ընկերանար,
Ու վերջաբանիս հեղինակ դառնար:
Քաղաքն անիծեց
Նզովք ու պատիժ….
Մայթերով մաղձ է հոսում ու կական,
Էս ու՞ր գնացին Սյուները բոլոր
Ու ինձ դարձըրին հեզ մահվան վկան:
Քաղաքն հեռացավ, քամու փեշերով
Տեսա, որ փոշին վերևում պարեց,
Ինձանից հեռու ինչ-որ բան ապրեց
Ու ծանր հևաց , ու դեղին լացեց:
Ես էլ հեռացա իմ քաղաքի հետ'
թողնելով քունս երախում մահվան,
Քաղաքըս մեռած և կամ կենդանի
Արդեն երկինք է' ոտքերիս փարված…
Աղերս
Վաղը կգամ ու կըծնկեմ փեշիդ ծերին
Կառնեմ փոշին տարիների մերկ լռության
Ու դալկացած աշնանն ընկնող գույների պես,
Տեղ տուր' ինձ էլ, քնեմ գրքիդ էջերի մեջ:
Վաղը կգամ, սառած' աշնան օրամուտից,
Ու չես զգա, որ մերկ եմ ես,
Դեղնած աշունն է մերկացել բառերիս մեջ,
Տեղ բաց, ինձ էլ տեղավորիր էջերիդ մեջ:
Վաղը' թեկուզ և ուշացած օրվա քամուց,
Կթափառեն ստվերներս անգիր, անէջ,
Ինձ մի փնտրիր, բայց փրկիր ինձ աշնան քամուց,
Տուն տար, ինձ էլ ջերմացըրու էջերիդ մեջ:
***
Այս գիշեր բարի էր առավոտը
ու քամին մեղմ'- գինու բույրով,
Հյուլե մարմնիցդ ծնվեց լուսաբացը,
Թափանցիկ ու զուսպ- զմրուխտե հրով:
Լուսինը փակեց դռներն երկնքի,
Աստղերը ծածուկ թաքստոց մտան,
Ճերմակ էր օդը խակ առավոտի
Ու դու, որ դարձար իմաստը օրվա:
Ու փաթաթվեցինք ամպերի նման
Ու ամպրոպից շիկնեցինք անձայն,
Ու կաթիլները քրտինքից ծնված
Խուլ թափառեցին ծովում ցամաքած:
Այս գիշեր մենակ իմ գիշերվա մեջ
Քեզ գտա ու քո ստվերն իրական,
Ինձ մնաց հուշն իմ, երազներիս մեջ
Ու քո շուրթերի բույրը' տիրակալ:
***
Գիշերը քամին տարավ …
Հարբած շպրտեց ժայռերին,
Ցավերիս հառաչը առած,
Բարձրացավ հասավ ամպերին:
Վերևում քաոս էր կատարյալ,
Շառաչ, գոռգոռոց ու երաշտ,
Ցավից պրկված անուրջներ,
Հոգիներ մեռած:
Գիշերը քունս տարավ…
Ու քամին սուլեց միապաղ,
Դրսում քաոս էր կատարյալ,
Իսկ ինձ մոտ' խավար:
Գիշերն ինձ քամին տարավ…,
Պահ տվեց ծեր ծառի փչակին,
Տաք անձրև մաղեց, ու քամին մեռավ
Երբ սիրտս լացեց գիշերվա ժամին։
***
Աստղերը գժվել են երևի
Խառնել են վերևում օրերը,
Հալչում են, ցած ընկնում երկնքից,
Ծխում են չվառված մոմերը:
Գարո՞ւն է, թե՞ ամառ , ո՞վ գիտի,
Կարմիր են դաշտերն ու ձորերը,
Իմ չքնաղ տիրուհին խռոված
Թողել է ու փախել հանդերը:
Գիշերը քամոտ է մահանում,
Կոպերս այրվում են կարոտից,
Երազս կիսատ է արթնանում
Տխուր եմ, տրտում են օրերս :
Աստղերը ընկնում են վերևից
Քսվում են ամպերին ու մեռնում,
Անցյալից մնացած մոմերն են
Որ կանաչ արյուն են ներարկում:
Մի գնա, առանց ինձ մի գնա
Գիշերը քեզ քամին կտանի,
Երկնքից թափվող մանանան
Կխաբի, խելքահան քեզ կանի:
Գիշերը' գարուն է՞ր, թե՞ ամառ,
Երկինքը փուլ եկավ ներքևից,
Մոմերս մնացին կիսավառ
Աստղերս վայր չնկած հալվեցին:
***
Այնտեղ' արծաթվող ճերմակի մեջ
Ուր աղավնու ճախրանքը չի հասնում,
Տարիներս են' մունջ թաքնված
Ննջում, հանգստանում:
Այնտեղ' արծաթացող ճերմակի հետ
Ուր ամպերն են գգված, հալվում,
Կորցրել եմ հալոցքի մեջ
Իմ հանգիստը:
Ու տարիներս ձեռք ձեռքի
Այս էլ արդեն քանի՛ դար
Հեռանում են անսեր ու լուռ,
Թաքնվում են այնտեղ'
Ուր աղավնու ճախրանքը չի հասնում:
Գնում եմ, թողնելով հեռվում
տարիներըս խռով, անհիշատակ,
Որ վանեցին ինձանից
իմ հուշերը, երազներս,
Որ երբեք էլ չեմ տեսնի:
Եվ ես ստիպված, կմնամ այստեղ '
Ձեր հետ' ներքևում, վերև նայելով:
Եւ կմնամ փնտրելով
Արագ հեռացած տարիներիս ճախրանքը,
Որ չհասցրեցի նույնիսկ կարոտել:
***
Մինչև մեռնելն է դժվար լինելու -ասաց գնչուհին
Ու բաց ափիս մեջ փնտրեց օրն այդ: