Մի առևտրական իր որդուն ուղարկեց իմանալու Երջանկության Գաղտնիքը բոլոր մարդկանցից ամենաիմաստունից: Պատանին քառասուն օր գնում էր անապատով և, վերջապես, մոտեցավ լեռան կատարին կեցած հիասքանչ պալատին: Այնտեղ էլ հենց ապրում էր իմաստունը, ում նա փնտրում էր: Սակայն իմաստուն մարդուն տեսնելու ակնկալելի հանդիպման փոխարեն' մեր հերոսն ընկավ մի դահլիճ, ուր ամեն ինչ եռում էր' առևտրականները ելումուտ էին անում, անկյունում մարդիկ էի խոսում, փոքրիկ նվագախումբը քաղցր մեղեդիներ էր նվագում, և այդ դահլիճում կերակուրներով մի սեղան էր դրված: Իմաստունը զրուցում էր զանազան մարդկանց հետ, և պատանին ստիպված եղավ մոտ երկու ժամ սպասել իր հերթին: Իմաստունն ուշադիր լսեց պատանու բացատրություններն իր այցի նպատակի մասին, բայց ի պատասխան' ասաց, որ ինքը ժամանակ չունի, որպեսզի նրա համար բացահայտի Երջանկության Գաղտնիքը: Եվ առաջարկեց շրջել պալատով և մի երկու ժամից նորից գա: - Սակայն ես ուզում եմ խնդրել մի սիրալիրության մասին,- հավելեց իմաստունը' պատանուն երկարելով մի փոքրիկ գդալ, որի մեջ նա երկու կաթիլ յուղ էր կաթեցրել: - Զբոսանքի ժամանակ այդ գդալը ձեռքիդ մեջ պահիր այնպես, որպեսզի յուղը չթափվի: Պատանին սկսեց պալատի աստիճաններով վերուվար անել' աչքը գդալից չկտրելով: Երկու ժամից նա վերադարձավ իմաստունի մոտ: - Դե ի՞նչ,- հարցրեց նա,- դու տեսա՞ր պարսկական գորգերը, որ գտնվում են իմ հյուրասենյակում: Դու տեսա՞ր զբոսայգին, որ գլխավոր պարտիզպանը ստեղծել է տասը տարում: Դու նկատեցի՞ր հիասքանչ մագաղաթներն իմ գրադարանում: Պատանին շփոթահար պիտի խոստովաներ, որ ինքը ոչինչ չի տեսել: Նրա միակ հոգսը յուղի կաթիլները չթափելն էր, որը նրան վստահել էր իմաստունը: - Դե ինչ, վերադարձիր և ծանոթացիր իմ տիեզերքի հրաշքներին,- ասաց նրան իմաստունը: - Չի կարելի վստահել մարդուն, եթե ծանոթ չես տանը, որում նա ապրում է: Հանգստացած' պատանին վերցրեց գդալը և դարձյալ գնաց պալատով մեկ շրջելու, այս անգամ ուշադրություն դարձնելով պալատի պատերի և առաստաղի վրայի արվեստի ստեղծագործություններին: Նա տեսավ լեռներով շրջապատված այգիները, նրբագույն ծաղիկները, նրբաճաշակությունը, որով յուրաքանչյուր արվեստի ստեղծագործություն զետեղված էր հենց այնտեղ, ուր որ հարկն էր: Վերադառնալով իմաստունի մոտ' նա մանրամասն նկարագրեց այն ամենը. ինչ տեսել էր: - Իսկ ո՞ւր է այն երկու կաթիլ յուղը, որ ես վստահել էի քեզ,- հարցրեց Իմաստունը: Եվ պատանին, նայելով գդալին, հայտնաբերեց, որ ողջ յուղը թափվել էր: - Ահա սա այն միակ խորհուրդը, որ ես կարող եմ տալ' Երջանկության Գաղտնիքն այն է, որ նայես աշխարհի բոլոր հրաշքներին, ընդ որում, երբեք չմոռանալով քո գդալի միջի երկու կաթիլ յուղի մասին: