Ժողովուրդը չարդարացրեց իշխանությունների
հույսերը, ժողովրդին հարկավոր է ցրել...
Բերտոլդ ԲՐԵԽՏ
Լինում է, չի լինում, մի պետություն է լինում։ Ինչպես բոլոր պետություններում, այնտեղ նույնպես ժողովուրդ էր ապրում, և ինչպես բոլոր ժողովուրդները, ուներ թագավոր, որին մերթ արքա էին անվանում, մերթ պրեզիդենտ կամ նախագահ, մերթ տիրակալ կամ գերագույն իշխան։ Յուրաքանչյուր տիրակալի թեկնածու ժողովրդին սկզբում մեծամեծ խոստումներ էր տալիս ու, ժողովրդի գլուխն անցած, գրողի ծոցն ուղարկում իր նախորդին։ Հետո նա մոռանում էր իր խոստումները և ժողովրդին հիշում էր միայն ընտրությունների ժամանակ և այն պահերին, երբ սկսում էր ճոճվել իր աթոռը։
Երբ ճոճվել սկսեց հերթական թագավորի գահը, նա ծանր գլուխը թափահարեց ու հեռուստաէկրանից գոչեց.
- Ժողովուրդ, մեզ հասած վերջին տեղեկությունների համաձայն, դուք վատ եք ապրում, դեռ ավելին՝ շատ վատ, իսկ մի խումբ արկածախնդիրներ փորձում են խարխլել փառահեղ մեր պետության հիմքերը և ձեզ կրկին տանել հետամնաց անցյալի գիրկը...
Մի օր էլ «արկածախնդիրների խումբն» այդ, ժողովրդի գլուխն անցած, գահընկեց արեց այդ թագավորին, և գահին բազմեց Արքա 5-րդը։ Սա ևս ժողովրդին հարստության սարեր խոստացավ ու երջանկության հորիզոններ գծեց վարդագույն երկնակամարում, և երբ մի քանի օր հետո նրան զեկուցեցին, որ ժողովուրդը աղքատության եզրին է ու բողոքում է, զարմացավ. «Ժողովո՞ւրդ, դա ո՞վ է, իմ տիրությունում էդպիսի մարդիկ էլ կա՞ն։ Էդ ժողովրդին ո՞վ է իրավունք տվել բողոքելու»։
Հետո դարձյալ քամիներ ու հողմեր անցան այդ երկրի վրայով ու ժողովրդի գլուխներով, և ճոճվել սկսեց նաև Արքա 5-րդի գահաթոռը։ Ու նա բարձր ամբիոնից սկսեց մատ թափահարել իր ախոյանների վրա.
- Այդ ի՞նչ եք անում, արկածախնդիրներ ու քաղաքական թափոններ, այդ ո՞ւր եք ուզում տանել ժողովրդին...
...Արտահերթ ընտրություններ եղան և գահին բազմեց հերթական տիրակալը, որ մինչ այդ իր նախորդների պես «արկածախնդիր» էր որակվել կամ «թափթփուկ»։
- Ձեր ցավը տանեմ, ժողովուրդ,- արքայական ժամանակակից իր ճոճաթոռին նստած, սիրուհուն ծնկներին նստեցրած, հավատարմության երդում տվեց Նախագահ 4-րդը,- վերջապես դուք տերը կդառնաք ձեր իրավունքների ու ձեր օջախների։ Այսօրվանից ձեր առջև բաց են գիտության ու լուսավորության տաճարները, լուսավառ ու երջանիկ ներկայի և արևավառ ապագայի դռները...
Իսկ նրանք, այն պալատականները, ովքեր մինչ այդ հավատարմության երդում էին տվել ու ստրկամտորեն ծառայում էին նախորդ արքային, անմիջապես «վերափոխվեցին» և հիմա էլ սկսեցին ծառայել նոր արքային։
Կրկին անցան օրեր, ամիսներ ու տարիներ, իսկ ժողովուրդը դարձյալ վատ էր ապրում, դեռ ավելին՝ բուռն ծաղկում էր մուրացկանությունը, թշվառությունն աներես հյուրի պես մտել էր մարդկանց օջախներն ու այնտեղից դուրս գալու ոչ մի ցանկություն չուներ...
- Տիրակալ, ժողովուրդն էլի բողոքում է,- Նախագահի ականջին փսփսաց շշնջոցների գծով արքայի գլխավոր խորհրդականի երկրորդ տեղակալը։
- Ի՞նչ է ուզում։
- Ինչ-որ հաց է ուզում և վերացական ինչ-որ բաներ։
- Ի՞նչ բաներ։
- Դեմոկրատիա, ժողովրդավարություն և այլն։
- Պահո՜, ի՜նչ աներես մարդիկ են այդ ժողովուրդ կոչվածը։ Դրանց համար հզոր ու երջանիկ երկիր եմ կառուցել, իսկ իրենք, խոսքները մեկ արած, անընդհատ դժգոհում են՝ աղքատ ենք, հաց ենք ուզում, դեմոկրատիա-մեմոկրատիա ենք ուզում... Ի՞նչ է, որ մենք հաց չենք ուտում, միայն սև իկրա, լուլաքաբաբ-խորոված, վետչինա ու խաշլամա ենք ուտում, բրազիլական սուրճ ու մանգոյի կամ կոկոսի հյութ ենք խմում, պակա՞ս տղերք ենք...
Նախագահ 4-րդը արտակարգ խորհուրդ գումարեց, ճառեր ասացին, ճառեր լսեցին և վերջում խոսքը տրվեց Նախագահին։
- Գիշերը անկողնում իմ տիկնոջ հետ երկար-բարակ շատ եմ մտածել այդ մասին ու միասին եկել ենք այն եզրակացության, որ ամեն ինչի մեղավորը ժողովուրդն է,- ասաց նա։- Այդ ժողովուրդը ոչ մի կերպ չի բռնում հզոր ու պայծառ մեր երկրի ֆոնին։ Դրանց ներկայությամբ երկրի գիտության կաճառներն ու արվեստի կոթողները այնքան թշվառ ու անհեթեթ են երևում, որ ամաչում ենք ցույց տալ արտասահմանյան բարձրաստիճան հյուրերին...
Հաջորդ օրը արքայից-արքան հրամանագիր արձակեց. «Մենք՝ Նախագահ 4-րդս, գտնում ենք, որ մեր երկրի բոլոր չարիքների պատճառը ժողովուրդն է։ Հաշվի առնելով նաև, որ հզոր ու պայծառ մեր պետությունն այլևս չի կարող պահել դրանց՝ այդ ձրիակերներին, որ ժողովուրդ է կոչվում.
ա) այսօրվանից ժողովուրդը ցրում եմ, բ) սույն հրամանագիրը ստորագրվելու պահից ժողովուրդը լուծարվում է։ Ստորագրություն՝ Մենք՝ Նախագահ 4-րդ»։
* * *
Լինում է, չի լինում, մի պետություն է լինում։ Ինչպես բոլոր պետություններում, այդ երկրում նույնպես ժողովուրդ կար, բայց արդեն չկար...
Նոյեմբեր, 1999