
Մոդել դառնալու, ամսագրի շապիկին ու բեմում հայտնվելու մասին շատ երիտասարդներ են երազում: Իսկ ի՞նչ ճանապարհ պետք է անցնել մոդելային կարիերա սկսելու համար: Այս հարցին յուրաքանչյուր մոդել ունի պատասխանի իր տարբերակը:
Մոդելներ Բաբկեն և Մարգարիտա Ղազարյանները դարձել են լուսանկարիչ Արեգ Վարդանյանի նոր ֆոտոշարքի հերոսները: Նրանք մարմնավորել են էլեգանտ կնոջ և տղամարդու, որոնք հաղորդում են տաք հույզեր.... Mediamall-ի հետ զրույցում նրանք պատմել են հաջողության հասնելու իրենց բանաձևը և ոչ միայն:
-Ինչպե՞ս որոշեցիք դառնալ մոդել:
Մարգարիտա -Ես չեմ ասի, որ մոդել դառնալը մանկությանս երազանքը չէր, որովհետև դեռ դպրոցական տարիներից մտածել եմ այս ուղղությամբ: Իսկ մանկության երազանքներն իրականացնելն ինձ համար առանձնակի հաճույք է: Անընդհատ ինչ-որ բան եմ փնտրել այս ուղղությամբ և հենց այդ ճանապարհին ինձ համար բացահայտեցի նոր ուղիներ՝ մոդել դառնալու համար:
Բաբկեն- Լրիվ պատահական. Մի օր Մարգարիտան առաջարկեց փորձել, մասնակցել իր նշած դասընթացներին. ես էլ մտածեցի' ինչու չէ ու կարծում եմ ստացվեց:
-Այլ մասնագիտություն ունեք. մոդելի մասնագիտությունը որպես հիմնական աշխատա՞նք եք ընկալում, թե՞ որպես գումար վաստակելու միջոց:
Բաբկեն- Մոդելի աշխատանքից ես հաճույք եմ ստանում, իսկ եթե կարելի է հաճելին և օգտակարը համատեղել, ինչու նաև գումար չաշխատել: Այս մասնագիտությունում դեռ ձեռք բերելու գործընթացի մեջ եմ, դեռ սովորում եմ:
Մարգարիտա- Հիմնական մասնագիտությամբ լրագրող եմ: Իսկ մոդելի աշխատանքը նախ և առաջ ընկալում եմ որպես գեղեցիկը մատուցելու միջոց: Այն ինձ համար ստեղծագործական աշխատանք է ու ինչպես ցանկացած ստեղծագործող, կարծում եմ, մոդելը նույնպես պիտի էներգիա փոխանցի, հոգեվիճակ ստեղծի: Իսկ թե հետո ավելի լուրջ կզբաղվեմ այս աշխատանքով, թե այն կլինի ուղղակի զբաղմունք, ժամանակը ցույց կտա:
Ո՞րն է հաջողության հասնելու ձեր բանաձևը:
Մարգարիտա - Կյանքի յուրաքանչյուր ոլորտում ու մասնագիտության մեջ ամենակարևորը սերն է, եթե սերը կա, ուրեմն կա նպատակ, ձգտում ու կամք:
Բաբկեն- Պետք է պարզապես դադարել խոսել և սկսել գործել: Պետք է կյանքդ դարձնես առանձնահատուկ, օրինակ՝ ուրիշների համար: Ես ինձ դասում եմ հաջողակ մարդկանց շարքին: Այսպիսով բացվում են քո առաջ նոր հորիզոններ:
Գեղեցկության, սեքսուալության եւ գռեհկության միջեւ ընկած սահման. ինչպե՞ս կարող է այն արտացոլվել ձեր կերպաներում:
Մարգարիտա- Կարծում եմ, գեղեցիկը միշտ սեքսուալ է, բայց ոչ հակառակը, իսկ գռեհկությունը գեղեցկության հետ կապ չունի: Սա ընդհանրապես, իսկ ինչ վերաբերում է մոդելային աշխատանքին, սրանք կերպարային հարցեր են. նայած թե ինչ է քեզնից պահանջվում:
Բաբկեն- իրականում ոչ մի սահման էլ չկա, նույն բանը տարբեր մարդիկ կարող են տարբեր կերպ ընկալել, ուղղակի կա ինչ-որ չափ, որը պետք է միշտ պահել:
Համարձա՞կ եք:
Մարգարիտա- Համարձայությանը տարբեր դրսևորումներ ունի: Ինձ համարձակ համարում եմ, բայց ունեմ սկզբունքներ, որոնք չեն փոխվում անկախ մասնագիտությունից. Դրանք ձևավորում են ինձ' որպես անհատի, և չեմ կարծում, որ կարող են խանգարել մասնագիտությանը:
Բաբկեն- Երբեւէ իմ համարձակության վերաբերյալ խոր մտածելու առիթ չեմ ունեցել, համենայնդեպս, լուսանկարվելն ինձ համար արվեստ է, իսկ արվեստը պետք է ունենա ազատ հոգի ու թեւեր:
Մոդելային գործունեության հետ կապված սկսնակ մոդելներն ունեն հստակ պլաններ, նոր ծրագրեր, սակայն դեռ չեն ցանկանում բարձրաձայնել. այս ասպարեզում ամեն բան ավելի քան անկանխատեսելի է:
Հարցազրույցը՝ Անահիտ Մնացականյանի





