Արարատը - քրոջս թոռը: «Արարատ, պար անցնում ես...»: «Խա, - պատասխանում է,- շաբաթն էրկու դան»: «Ո՞վ է դասատուն» - շարունակում եմ հարցումս: «Հերեվնից ա գալում»: «Ինչու՞ Երևանից», - զարմանում եմ ես: «Հերեվան մե մարդ կա՝ ասեր ա. սաղ Հայաստան հմենին պտի պար սորվըցնեմ, էտ մարդն ա դասատուին ուղարկում: Սաղ Քյավառ մկա պարում ա»:
Ընթերցող, դու ավելի հրաշալի լեգենդ լսած կա՞ս:

***

Արմենը - քրոջս տղան: Քեմբրիջում է աշխատում, ընտանիքի հետ է - կինը և երեք զավակները: Այ-Թի ոլորտում է: «Քեռի, - ասում է ինձ, - ինչ նախագիծ անում եմ, կառուցվածքը վերջը մեր եկեղեցիներին է նմանվում... Նորավանքն եմ սիրում»:
Արմենիս եմ ձոնում:

ՆՈՐԱՎԱՆՔ

Թռչունն ահա պատի վրա'
Հրաշագեղ ու կենդանի,
Ոտքը վեր է հանել մի պահ
Եվ ուր որ է' ցած կդնի:

Եվ անցնում են այդպես օրեր'
Նրբին ոտքը չի դնում ցած,
Շեկ կտուցին' թռչող դարեր –
Հրաշագեղ ու քարացած:

Քարերից շեկ, ուրախ ու վառ
Հանճարաշատ, ճարտար մի ձեռք
Հորինել է մարդկանց համար
Կենսաթրթիռ մի տիեզերք:

Աստվածամայրն ու իր որդին
Ողջ աշխարհից հեռու, թաքուն'
Ապրում զվարթ, նայում չորս դին
Այս քարեղեն խրախճանքում:

Իսկ հանճարի ոգին վերից
Ինքն էլ նայում է զարմացած,
Որ ապրում են հա՛շտ, միասի՛ն'
Գազա'ն, թռչու'ն, մա'րդ ու աստվա'ծ:

Դա ոգին է մեծ Մոմիկի
Հավերժորեն այստեղ տիրում,
Արծվի նման Նորավանքի
Թևածում է Վայոց ձորում:

Լեւոն Դռնոյան

6 հուլիսի 2013թ.