-Քլա՛յդ, ես աստծու ողորմությունն ու փրկությունն եմ բերել ձեզ,-ասաց քահանան բանտախցի ճաղերի ետևից Քլայդին,-ՆԱ կանչեց ինձ, և ահա ես այստեղ եմ: ՆԱ ինձ ուղարկել է ձեզ հաղորդելու, որ եթե ձեր մեղքերը բոսորագույն են, նրանք ձյունասպիտակ կդառնան: Եվ եթե նրանք ծիրանու պես ալ-կարմիր են, գեղմի նման կսպիտակեն: Հիմա խորհրդածենք տեր աստծու հզորության մասին: ԴՈՒՔ ԿԱՐԾՈՒՄ ԵՔ, որ աստված չկա՞, որ նա չի՞ պատասխանի ձեզ: Աղոթեցե՛ք: Դժբախտության մեջ դիմեցեք միայն նրան, ոչ ինձ, ոչ որևէ մեկ ուրիշի: Միայն ու միայն նրան: Աղոթեցե՛ք: Խոսեցե՛ք նրա հետ: Կոչ արեք նրան: Պատմեցեք նրան ճշմարտությունը, և խնդրեցեք նրան, որ օգնի: Եվ եթե միայն դուք ձեր հոգում իսկապես զղջում եք ձեր գործած չարիքի համար, դուք, ճշմարիտ եմ ասում, կլսեք ու կզգաք նրան. դա նույնքան ճիշտ է, որքան այն, որ ես այժմ կանգնած եմ ձեր առաջ: Նա կբռնի ձեռ ձեռքից: Նա կմտնի այս խուցն ու ձեր հոգու մեջ: Դուք նրան կճանաչեք այն լույսով ու անդորրությամբ, որով կհամակվեն ձեր բանականությունն ու սիրտը: Բացեք Հովհաննու ավետարանը, կարդացեք այն սկզբից մինչև վերջ: Խորհրդածեք ու աղոթեցեք, խորհրդածեցեք ձեզ շրջապատող ամեն ինչի՝ լուսնի, աստղերի և արևի մասին, ծառերի ու ծովի մասին, ձեր սեփական բաբախող սրտի, ձեր մարմնի, ձեր ուժի մասին, և հարց տվեք ձեզ. ո՞վ ստեղծեց այդ բոլորը: Որտեղի՞ց առաջացան դրանք: Եվ եթե բացատրություն չգտնեք, տվեք ձեզ նաև հետևյալ հարցը. մի՞թե այդ բոլորը, ՆՐԱՆՑ ԹՎՈՒՄ ԵՎ ՁԵԶ ՍՏԵՂԾՈՂԸ, ո՛վ էլ լինի, ու՛ր էլ գտնվի, բավական իմաստություն, գթասրտություն և ուժ չի ունենա ձեզ օգնելու այն ժամին, երբ դուք օգնության կարիք ունեք, լուսավորելու ձեզ, մխիթարելու և ձեզ ճանապարհ ցույց տալու: Միայն հարցրեք ձեզ. Ո՞Վ Է ԱՅՍ ՏԵՍԱՆԵԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՐԱՐԻՉԸ: Իսկ հետո դիմեցեք նրան, բոլոր գոյություն ունեցող բաների ստեղծողին, և նրա մոտ պատասխան փնտրեցեք, թե ի՛նչպես վարվել և ի՛նչ անել: Տարակույսների մի՛ մատնվեք: Հարցրեք և պատասխան կստանաք: Հարցրեք օր ու գիշեր: Խոնարհեցեք ձեր գլուխը, աղոթեցեք ու սպասեցեք: Հիրավի, նա չի լքի ձեզ: Ես այդ գիտեմ, որովհետև ինքս ունեմ հոգեկան այդ խաղաղությունը:...

 

Մակ-Միլլան Թեոդոր Դրայզեր «Ամերիկյան Ողբերգություն»