Երկու նամակ եմ տպագրում առանց մեկնաբանությունների: Առաջինի հեղինակն է իրանահայ ակնառու եւ ամենահեղինակավոր գրող-հրապարակախոս, ում գրական անունն է Ազատ Մատյան: Պատասխանը բարեհաճեց գրել ՀՀ գրողմիութնախը' Լեւոն Անանյանը: Նամակագրությունն ինձ ուղարկել են իրանահայ համայնքի ընկերներս: Մնացածը կհասկանաք ինքներդ:
"Կոչ սփյուռքահայ գրողներին
Այս տարվա հուլիսի 10-ին mail-ով ստացա մի գրություն, որով Հայաստանի Գրողների Միությունը հրավիրում էր սփյուռքահայ գրողներին հեռակա կարգով մասնակցելու ՀԳՄ 16-րդ արտահերթ համագումարին: Որպես հայ գրականության պատմության հույժ բացառիկ փաստաթուղթ այն նույնությամբ հանձնում եմ հայ գրասեր հասարակության ուշադրությանը:
Հարգելի պարոն Մաթյան
Ս. թ. հուլիսի 27-ին տեղի է ունենալու Հայաստանի գրողների միության 16-րդ արտահերթ համագումարը՝ օրակարգում երկու հարց.
1. ՀԳՄ նոր կանոնադրության հաստատում (որի կարևոր դրույթներից մեկն էլ միության սփյուռքահայ լիիրավ անդամ գրողների իրավունքների և պարտականությունների ամրագրումն է)։
2. ՀԳՄ նախագահի և վարչության կազմի ընտրություններ։
Իհարկե, շատ լավ կլիներ, եթե կարողանայիք անձամբ ներկա լինել
համագումարին, բայց եթե դա հնարավոր չէ, օրենքը թույլ է տալիս հեռակա մասնակցություն։ Դրա համար անհրաժեշտ է պատասխանել «Ո՞ւմ եմ տալիս ձայնս» հարցին.
1. Ձայնս տալիս եմ ՀԳՄ գործող նախագահին։
կամ'
2. Ձայնս տալիս եմ ՀԳՄ նախագահի այն թեկնածուին, ով համագումարի ընթացքում կստանա առավելագույն քվե։
Այս երկու առաջարկներից ընտրելով մեկը, նշելով ձեր նախընտրած
թեկնածուին և հաստատելով Ձեր ստորագրությամբ, ուղարկում եք ՀԳՄ էլ.փոստին' [email protected]
Կանխավ շնորհակալությամբ՝
ՀԳՄ 16-րդ համագումարի կազմակերպական հանձնախումբ
Հրավերքը ամեն բանից առաջ ինձ անակնկալի բերեց, որովհետև մի հինգ տարի կլինի , որ ես ոչ մի առնչություն չունեմ ՀԳՄ-ի հետ, իսկ և կարծում եմ ՀԳ Միությունում շատ լավ գիտեն այդ մասին, հատկապես նրա «գործող նախագահը»:
Հրավերում ասված է, որ օրենքը թույլ է տալիս հեռակա մասնակցություն նոր նախագահի և վարչության ընտրություններին: Բայց ո՞ր օրենքը, այն ե՞րբ և ու՞մ միջոցով է մշակվել և վավերացվել...
Հարցերս երևի ավելորդ են, որովհետև ըստ հրավերի առաջին օրակարգի, «օրենքը» վավերացվելու է նույն համագումարում, որով և ամրագրվելու են միության սփյուռքահայ լիիրավ անդամ գրողների իրավունքներն ու պարտականությունները։ Այլ խոսքով, կազմակերպիչ հանձնախումբը սփյուռքահայ գրողին այնքան է կարևորում, որ նրան հրավիրում է դեռ գոյություն չունեցող «օրենքով» մասնակցել ______ընտրությանը:
Իսկ նոր կանոնագրի քննարկմանը, որով ամրագրվելու են նաև իր
իրավունքները, սփյուռքահայ գրողի նույնիսկ հեռակա մասնակցության
անհրաժեշտությունը չկա,- եղածը մի կանոնադրություն չի՞, դե միաձայնությամբ կվավերացնեն կերթա: Մարդիկ մտածել են մեզ սփյուռքահայերիս ավելորդ նեղություն չպատճաել: Մի մոռացեք, որ սա Հայաստան Սփյուռք Գրողների Համահայկական Համագումար չէ, որ մենք էլ պոչատ գդալի պես մեջ ընկնենք ու գրող-գրող խաղանք: Սա
ամբողջովին ներքին խնդիր է: Կանոնագրությու՛ն է մշակվում, հո կատակ չի:
Մեկ խոսքով այս արտահերթ (բայց թե ինչու՞ արտահերթ, դա էլ մեր իմանալու բանը չի) համագումարը մեր տեղը չի: Մենք լավ կանենք մեր լիիրավ անդամի իրավունքներն ու պարտականությունները կանոնադրությամբ ամրագրելու փոխարեն, մեր հեռակա քվեարկությամբ ամրագրենք գործող նախագահ պր. Լևոն Անանյանի աթոռը, եթե հնարավոր լինի նույնիսկ ցմահ կամ ավելի լավ է ցկյանս, քանզի նա արդեն իսկ իր ամրագրված տեղն ունի հայոց անմահների շարքում, եթե ոչ որպես գրող, գոնե որպես սփյուռքահայության իրավունքների առաջնորդն ու ռահվիրան: Եվ թող ոչ ոք չկասկածի, որ եթե նա լիներ հանրապետության նախագահը, նորից հայոց պատմության մեջ առաջին անգամ սփյուռքահայությանը կտար Հայաստանի անխտիր
բոլոր տեսակի և հատկապես նախագահական ընտրություններին չգրված օրենքով և հեռակա մասնակցելու իրավունք:
Իսկ մինչև այդ երազելի օրը, կատարեցեք ձեր քաղաքացի գրողի պարտքը,
ընտրեցեք ձեզ բարեհոգորեն ընձեռնված ընտրության երկու հնարավորություններից մեկը, կամ, որ միևնույնն է, երկուսը միասին: Նշեցեք ձեր նախընտրած թեկնածուին: Հոգ չէ, թե գործող նախագահից բացի, ոչ մի ուրիշ թեկնածուի անուն էլ չգիտեք: Մեկ է, ինչ էլ
անեք էլի Լևոնն է ընտվելու, քանզի թեկուզ չգրված օրենքով այդպես է նախանշված, միայն դուք՝ սփյուռքահայ գրողներդ, կունենաք գերագույն երջանկությունը նրա ընտրողների շարքում գտնվելու և, եթե ոչ որպես գրող, առնվազն որպես Լևոնին քվեարկող, ձեր ծառայությունը մատուցած կլինեք հայ գրականությանը: Հասկացե՛ք, ձեր քվեից է կախված Լևոնի և հանձինս նրա ՀԳՄ-ի գոյություն քարշ տալու խնդիրը:
Ուրեմն բոլորս միասնաբար՝
Լևո՜ն, Լևո՜ն, Լևո՜ն...
Ազատ Մաթյան
24 Հուլիս _______2013"
ՊԱՏԱՍԽԱՆ
Հարգելի պարոն Մաթյան
Չնայած նախահամագումարյան հասկանալի ծանրաբեռնվածությանը,
ծանոթացա սփյուռքահայ գրողներին ուղղված Ձեր սրտառուչ կոչին։
Ցավում եմ, բայց տեղի է ունեցել թյուրիմացություն, տեխնիկական խոտան. կազմակերպական հանձնախումբը սխալվել է՝ հինգ տարի «ՀԳՄ-ի հետ ոչ մի առնչություն չունեցող» Ազատ Մաթյանին հրավիրելով համագումար։ Այնպես որ մեծահոգաբար ընդունեք հանձնախմբի հայցած
ներողությունները։
Ուրեմն, բնավ Ձեզ հաշվետու լինելու առիթ չունենալով, բայց ելնելով Ձեր
անձի և վաստակի հանդեպ իմ նախկին հարգանքից, սուղ ժամանակս
տրամադրեմ Ձեզ հուզող մի քանի հարցերի պարզաբանմանը։
Օրենքը, որը այդքան զարմացրել է և զանազան անտեղյակ և մտացածին
դիտողություններ և դատողությունների փակուղի է մղել Ձեզ, կոչվում է
«Հայաստանի Հանրապետության Օրենքը հասարակական
կազմակերպությունների մասին»։ Ազգային ժողովի կողմից ընդունվել է
04.12.2001, Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյանը վավերացրել է այն 24.12.2001։
Սույն օրենքը գերադաս է բոլոր հասարակական կազմակերպությունների,
այդ թվում՝ և Գրողների միության համար,– և առանց ՀԳՄ կանոնադրության էլ այս թեմայով ՀԳՄ վարչության կայացրած բոլոր կարևոր որոշումները վավերացված են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ։
Կարծում եմ, այնքան պարկեշտ եք, որ հաջորդ կոչ-նամակում (որը, չեմ
կասկածում, անհապաղ կգրեք) ծաղրի ենթակեք այլ երկրի (իմա՝ ՀՀ-ի)
պետական օրենքները։
ՀԳՄ կանոնադրությունը պարզապես տեղայնացնում է նույն օրենքի
շարադրանքը, որը, կրկնում եմ, գերադաս է հասարակական
կազմակերպությունների համար։
Ի դեպ, այլևս երբեք չհամարձակվեք շահարկել Լևոն Անանյանի անունը՝
ցմահ, թե ցկյանս աթոռ, հայոց անմահների ցանկ և այլ անհամ կատակներով։
Մի՜ ստիպեք ինձ նույնպես դիմել երգիծանքի ժանրին։
Հուլիսի 27-ին տեղի կունենա համագումարը, և Ձեր ու Ձեր տեսակի բոլոր
կանխագուշակությունները ցրիվ կգան։
Իսկ մնացած բնորոշումներին, անիմաստ ու գրամոլական հեգնանքին,
թույն ու թարախին չեմ պատասխանի, քանի որ մտավորականի համար մի մակարդակ կա, որից իջնելը հավասարազոր է սեփական թույնի մեջ
տապակվելուն։ Բարեբախտաբար այդ թույնը ես չեմ ժառանգել ո՛չ իմ
ծնողներից, ո՛չ էլ իմ ազգից։
ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ
Հայաստանի գրողների միության նախագահ"