
Եթե դու չլինեիր, ի՞նչ կանեի ես, ինչպե՞ս կբացատրեի ինքս ինձ, որ ապրել նշանակում է սիրել, որ շնչել նշանակում է սպասել, որ հավատալ նշանակում է համբերել:
Եթե դու չլինեիր, որտե՞ղ էի պահելու երազներս, ու՞մ էի պատմելու հիմար մտքերս, ե՞րբ էի հասկանալու, որ մտքերս միշտ չէ, որ հիմար են:
Եթե դու չլինեիր, ինչու՞ պիտի արթնանայի ու քնեի, երբ արևներն ու լուսինները տանջվում են միմյանց ձգտող երկինքներում, իսկ ես' աննկատ, չնչին, պիտի հուսայի, թե օրն ու գիշերը ինձ համար են ծնվում:
Եթե դու չլինեիր, իմ արևներն ու լուսինները այդպես էլ չէին հասկանա, որ արթնանում են երկուսիս համար:
Եթե դու չլինեիր, ես այդպես էլ չէի սիրի, այո, չէի սիրի այնպես, ինչպես սիրում են իրական կյանքում:
Եթե դու չլինեիր, ես չէի հասկանա, թե ինչ անել այսքան սերը, որ եռում էր երակներումս, բայց բացակա ափերից ցնդում էր ու ներսից այրում անզգացմունք մաշկս:
Եթե դու չլինեիր, ես այդպես էլ կքնեի բարձս գրկած ու չէի իմանա, թե ինչ բան է քնել և արթնանալ տղամարդուդ գրկում:
Եթե դու չլինեիր, մարմինս այդպես էլ կմնար մշտապես մրսող ու դողացող, մաշկս չէր ճանաչի ամեն դիպումից փշաքաղումը, աչքերս չէին իմանա համբույրի ծանրությունից փակումը:
Եթե դու չլինեիր, ես այդպես էլ չէի իմանա, թե ինչու են ստեղծվում այդքան զգեստներ ու դիմահարդարման պարագաներ. դրանք ստեղծվում են քո կողքին միշտ գեղեցիկ մնալու համար:
Եթե դու չլինեիր, ես այդպես էլ չէի հասկանա, որ գեղեցիկ լինելու համար պարտադիր չի դիմահարդարված լինել:
Եթե դու չլինեիր, ես այդպես էլ չէի կրի քո վերնաշապիկներն ու չէի արբի բույրից քո մարմնի:
Եթե դու չլինեիր, ես այդպես էլ առավոտյան չէի քրքրի համացանցը' քեզ համար համեղ նախաճաշ պատրաստելու համար:
Եթե դու չլինեիր, ես այդպես էլ չէի իմանա, թե որքան եմ սիրում նրբերշիկով ձվածեղ:
Եթե դու չլինեիր, ես այդպես էլ չէի երդվի' հնազանդ եմ:
Եթե դու չլինեիր, ես չէի բարձրաձայնի գաղտնիքներս, որ քերում էին հոգիս:
Եթե դու չլինեիր, ես չէի իմանա, որ միլլիոն տարին քիչ է, քիչ, քո կողքին լինելու համար:
Եթե դու չլինեիր, ես չէի պլանավորի պատերազմի գնալ տիեզերքի դեմ' պահանջելու մեզ մի առանձին մոլորակ տալ:
Եթե դու չլինեիր, ես չէի հասկանա, որ սիրում եմ քեզ ամեն գիտական սահմանումներից դուրս:
Եթե դու չլինեիր… Դու պարզապես իրավունք չունեիր չլինել...